ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը վաղ առավոտից մեծաքանակ զանգեր է ստանում Ռուսաստանի տարբեր ծայրերում բնակվող հայրենակիցներից, ովքեր պատրաստակամություն են հայտնում ցուցաբերելու ցանկացած օգնություն՝ ստեղծված իրավիճակի հետ կապված և ցանկություն են հայտնում անհրաժեշտության դեպքում գալ Հայաստան:

Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Մենք ի սրտե շնորհակալ ենք աջակցության և հայերնակիցների կողքին կանգնած լինելու պատրաստակամության համար: Սակայն, ցանկանում եմ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններն ամբողջապես տիրապետում են իրավիճակին, ընթացքի մեջ են բարձր մակարդակով շփումները արտասահմանյան պետությունների հետ, մեր զինգերատեսչությունները պատվով իրականացնում են իրենց առաքելությունը և այս պահի դրությամբ չկա անհրաժեշտություն առանձնակի նախաձեռնությունների և քաղաքացիների խմբերի տեղափոխում դեպի Հայաստան»,-ասված է դեսպանի հայտարարության մեջ:

Դեսպանը ընդգծել է նաև, որ մշտական կապ է պահպանվում ռուս գործընկերների հետ և իրավիճակին առընչվող ամբողջ կարևոր տեղեկատվությունը հասցվում է ռուսական համապատասխան կառույցներին և գերատեսչություններին: Վարդան Տողանյանը նաև կոչ է արել ռուսահայ համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս չտրվեն հնարավոր սադրանքների, պահպանեն  զգոնություն և զսպվածություն՝ ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն՝ հարգելով ՌԴ օրենսդրությունը:

Ավելի վաղ դեսպանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել առ այն, որ սոցցանցերում տարածվող տեղեկությունը, թե դադարեցվել են Մոսկվայից դեպի Երևան առաջիկա չարտերային թռիչքները, չի համապատասխանում իրականությանը: Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում Մոսկվայից դեպի Երևան կիրականացվի թվով վեց չվերթ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •