Zakharova

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսական «Կոմսոմոլսկայա պռավդա» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Արցախում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բոլոր մակարդակներով բազմիցս ու հիմա էլ կոչ է անում իրավիճակի հանդարտեցման:

«Հասկանալի է, որ այս խնդիրը հեշտերից չէ: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այն արդեն շատ է հնացել, սակայն մեր ջանքերը ուղղված են միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Շատ է խոսվում այն մասին, և ես թերահավատություն եմ տեսնում հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու տարբերակի նկատմամբ՝ ինչքան կարելի է հավաքվել սեղանի շուրջ և այլն, և այլն: Դուք էլ երևի նկատում եք, թե սոցցանցերում և լրատվամիջոցներում ինչ շատ են տաքացած գլուխները: Բացի այդ, արտասահմանից ենք լսում շատ ագրեսիվ կոչեր, սակայն մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ, ցավոք, աշխարհը ոչ առաջին և ոչ վերջին անգամն է բախվում կոնֆլիկտային իրավիճակների լարման հետ, և ամեն անգամ պատմությունը ապացուցում է՝ անհրաժեշտ է գտնել խնդրի խաղաղ լուծման ընդհանուր մոտեցումներ և ճանապարհներ: Մեխանիզմները կան: Մեր դերը, որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ և որպես հարևան պետություն, որը ունի ընդհանուր պատմություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, այդ պրոցեսում շատ ակտիվ է»:

Զախարովան հայտնել է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ում երեկ տեղի է ունեցել երկու հանդիպում ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ: Նրանք հանդիպել են ՌԴ արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի և ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյի հետ: Դրանք եղել են առանձին հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկվել է իրավիճակը Արցախում և հայ ու ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի տարածքում ազգամիջյան հանդարտության և խաղաղության պահպանման տեսանկյունից:

«Մեր շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակվում են բարձր և բարձրագույն մակարդակների վրա: Տեղի են ունեցել հեռախոսային խոսակցություններ պետությունների առաջնորդների և արտգործնախարարների միջև՝ Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Թուրքիա: Մեր հատուկ հանձնարարություններով դեսպանը՝ պարոն Պապովը, նույնպես ակտիվ աշխատում է կողմերի հետ, դեսպանատներն են աշխատում: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն է միջազգային հարթակներում բարձրացնում է այդ թեման»,- ասել է Զախարովան:

Հաղորդավարի դիտարկմանը, թե Ալիևը կոնֆլիկտի կարգավորող կողմ է մատնանշել ոչ թե Ռուսաստանին, այլ Թուրքիային, Զախարովան պատասխանել է, թե յուրաքանչյուր պետություն պետք է իր լուման ներդնի ղարաբաղյան խնդիրը հանդարտեցնելու հարցում:

«Մենք, ցավոք, տեսնում ենք, որ այնտեղ արդեն հակամարտության մասշտաբային ակտիվացում է: Չնայած նրան, որ այսօր աշխարհը շատ հեռու է միասնական լինելուց և չնայած նրան, որ շատ գլոբալ խնդիրների մեջ մենք չենք տեսնում միահամուռ մոտեցում, սակայն այս հարցում աշխարհի բոլոր հարթակներով հնչում է նույն կոչը՝ գտնել խնդիր լուծման խաղաղ ճանապարհ: Սա կարևոր ցուցանիշ է»:

Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը ավելի կոշտ կերպով չի արձագանքում այս իրավիճակին, այնպես, ինչպես, օրինակ, Էրդողանն է անում՝ թույլ տալով իրեն բավականին համարձակ հայտարարություններ, Զախարովան պատասխանել է.

«Որովհետև մենք Թուրքիա չենք, մենք Ռուսաստան ենք: Դա պետք է հասկանալ ամենաուղիղ իմաստով: Մեր մասնակցությունը այս կամ այն հակամարտության լուծման մեջ ունի իր պատմությունը, և այդ պատմությունը ցույց է տալիս մեր մոտեցման էֆեկտիվությունը: Մեր ավանդական դիվանագիտությունը շատ ու շատ դեպքերում գործնականում արձանագրել է լավագույն խաղաղարար առաքելությունը: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ որևէ այլ երկրի մոտեցումներն ու գործունեությունը: Ես խոսում եմ մեր երկրի դիրքերից: Զարմանալի ոչինչ չկա, որ մեր հռետորաբանությունը տարբերվում է»,- պատասխանել է Զախարովան:

Հարցին, թե Ռուսաստանի համար անսպասելի չէ՞ր արդյոք, որ Թուրքիան այս կոնֆլիկտում նման դիրքերից հանդես կգա, Մարիա Զախարովան պատասխանել է, թե առաջին անգամը չէ, որ այս խնդիրը պահածոյացված վիճակից անցնում է ակտիվ փուլի, և մինչ այս էլ հնչում էին հայտարարություններ, դիրքորոշումներ Թուրքիայի կողմից:

«Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են այս խնդրով՝ քաղաքական գործիչները, պատմաբանները, լրագրողները, տեղյակ են Թուրքիայի դիրքորոշման մասին վաղուց: Բայց կասեմ մի բան, որը հնարավոր է՝ անձնավորված մոտեցում է, սակայն ազնվորեն այդպես է: Իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ խոսակցություններում ես անընդմեջ կրկնում եմ, որ եթե ես ունենայի մեկ հնարավորություն՝ որևէ հակամարտություն լուծելու հետ կապված, ես առաջինը կցանկանայի լուծում տալ հենց ղարաբաղյան հակամարտությանը»,- եզրափակել է Զախարովան:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •