Ադրբեջանական ուժերը թուրքական օդուժի եւ խորհրդատվության աջակցությամբ լայնածավալ գրոհ են սկսել Արցախի հյուսիսային սահմանի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:

Թուրք-ադրբեջանական ուժը արդեն չորրորդ օրը փորձում է հայկական ուժերի հանդեպ հասնել գոնե շոշափելի առավելության եւ ձեռք բերել որեւէ տարածք, որը թույլ կտա մի կողմից «վաճառել» պատերազմը սեփական հանրության վրա եւ մի քիչ էլ երկարաձգել Ալիեւի անձնական իշխանությունը, մյուս կողմից թույլ կտա Թուրքիային դարձնել այն ռեգիոնալ ռազմա-քաղաքական համակարգի շուրջ քննարկումների խաղաքարտ:

Այդ ամենին գործնականում լուռ հետեւում է ռեգիոնալ ռազմա-քաղաքական համակարգի պարեկ ճանաչված Ռուսաստանը, հայտարարելով միայն, որ աշխույշ շփումների մեջ է կողմերի հետ՝ Երեւան, Բաքու, Անկարա: Գործնականում, Ռուսաստանը Կրեմլի խոսնակ Պեսկովի այդ հայտարարությամբ ակնարկում է, որ Մոսկվան իրեն դիտում է առնվազն մեկ աստիճան բարձր: Այն, որ Ռուսաստանը հրապարակավ հրաժարվում է իրեն դիտարկել այդ պատերազմում Հայաստանի դաշնակից, ամենեւին անսպասելի չէ: Դա այն է, ինչ կա:

Ռուսաստանը սպասում է օգնության կոչի, Հայաստանից: Համենայն դեպս նկատելի է այդ սպասման առկայությունը տեղեկատվա-քարոզչական ռեսուրսների միջոցով, որ գործի են դրվել թե Ռուսաստանում, այդ թվում յան ազգանուններով, թե Հայաստանում:

Նշանակու՞մ է դա արդյոք, որ սպառվում է ժամանակը, որ Մոսկվան տվել է Թուրքիային Ադրբեջանի միջոցով պատերազմ սկսելու եւ Հայաստանին այն վիճակի բերելու համար, երբ Երեւանը կհամաձայնի Մոսկվայի քաղաքական պահանջներին՝ միայն կասեցվի պատերազմը:

Իսկ հնարավո՞ր է հակառակ պատկեր՝ Մոսկվան մի կողմից ստեղծում է Հայաստանին «օգնության խնդրանք» պարտադրելու տեղեկատվա-քարոզչական արշավ, մյուս կողմից այդպիսով գործնականում ընդգծում է այդ արշավին Հայաստանի դիմադրությունն ու այն, որ Երեւանը չի ենթարկվում: Այդպիսով արդյոք Մոսկվան ստեղծում է իրավիճակ, երբ օգնության համար կդիմի արդեն Իլհամ Ալիեւը:

Ռեգիոնալ իրադրությունը Կովկասում մշտապես եղել է բավականին բազմաշերտ ու հարաբերական, ու չնայած գերակա թուրք-ադրբեջանական տանդեմային թրենդին, այդուհանդերձ թե հայկական արցախյան հաղթանակը, թե դրան հաջորդած երեսնամյա ցիկլում միջազգային խորքային փոփոխությունները, թե ներկայիս աշխարհակարգային բացարձակ նոր հունցվող միջավայրը էլ ավելի բազմազան ու բազմաշերտ են դարձրել հանգամանքները: Ըստ այդմ կարիք կա դրանք դիտարկել տարբեր մոտիվացիոն ու սցենարային համատեքստերով: Ահա այդ շարքում էլ արժե թերեւս դիտարկել հանգամանքը, որ Ռուսաստանը սպասում է Ադրբեջանի օգնության կոչին, ցույց տալու համար, որ Թուրքիային ապավինելը Բաքվի համար չի երաշխավորում ոչինչ: Այդպիսով Մոսկվան կփորձի միաժամանակ հետ բերել թե Ադրբեջանում կորցրածը, թե թույլ չտալ Անկարային Կովկասում դառնալ հավասար եւ դրանով իսկ իրենից ավելի ուժեղ խաղացող:

Հնարավոր է, Մոսկվան սպասում է երկկողմ՝ օգնության համար կդիմի կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը: Սակայն ռազմավարական հեռանկարի առումով Ռուսաստանը կարող է շահել մի դեպքում՝ երբ օգնության համար դիմի Ադրբեջանը:

Բոլոր պարագաներում, Հայաստանի ռազմավարական խնդիրը անփոփոխ է՝ վճռական համահայկական դիմադրություն Հայաստանի ինքնիշխան պետականության անվտանգության համար, որի քաղաքական արդյունքը Հայաստանի համար կլինի ոչ թե «փրկիչ», այլ իրական դաշնակից կամ դաշնակիցների շրջանակ ունենալը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •