Gyumri

Ամենափոքր կամավորը 12, մեծը 74 տարեկան: Երեկ կեսօրից մինչ գրեթե լուսաբաց սպասել են Արցախ մեկնելու իրենց հերթին: Ապրիլյան քառօրյայի հերոս Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորան ՀԺ-ի հետ զրույցում ասաց, ողջ գիշեր աշխատել, աշխատելուն զուգահեռ էլ փորձել են պապիկին տուն ուղարկել, տղայի վայրկյանը մեկ հնչող զանգին էլ լուծում գտնել:

Պապիկի դեպքում չեն հաջողել, հետները կտանեն Արցախ: 12-ամյա տղան կմնա կամ Գյումրիում, կամ Երևանում՝ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համաձայնության են եկել:

Ժորան պատմեց, որ աղջիկներ ու կանանց պարագայում ևս գործը բարդ է: Գալիս, կամավորության սկզբունքով ոչ թե խնդրում են, որ գրանցվեն ու միանան սահմանում կանգնած իրենց եղբայրներին ու հայրենակիցներին, այլ պնդում են մինչև վերջ ու մեկնում: 18-19 տարեկան ուսանողուհիներից սկսած մինչև միջին տարիք:

«Կարևորը դուխն է, էդ դուխն էլ իրանք ունին, մեծից-փոքր: Այս շարժումն այլևս անկասելի է, այդպես էլ լինելու էր»,- ասում է Ժորան:

Ժորան ու ընկերները՝ Մարտական պատրաստության ակումբի անդամները, այս պահին անիվների պահեստավորմամբ են զբաղված, ինչպես նաև առաջին անհրաժեշտության դեղորայքի ու սննդի պաշարի հավաքմամբ:

Բանակը ոչնչի կարիք չունի, բայց  պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Հիմա զինվորին ոչինչ չեն ուղարկում, յուրաքանչյուր քայլ փորձում են համաձայնեցնել ՊՆ-ի հետ: Հավաքում, պահեստավորում են, քանի որ եթե զինվորին այս պահին ոչինչ պետք չէ, սահման մեկնող կամավորին պետք է:

«Աստված տա, պետք չգա բանակին, բայց երբ բանակը մեր կարիքն ունենա, կուղարկենք, երբ ՊՆ-ն հրահանգի, կսկսենք տանել: Նույնիսկ, եթե կամավորականները գնան դիրքեր, յուրաքանչյուրին իր փաթեթը կտանք առաջին բուժօգնության պարագաներով և չոր սննդի տեսքով»,- ասաց նա:

Ըստ Աբգարյանի, Ռուսաստանի տարբեր քաղաքաներից են զանգել,  հավաքվել, սպասում են, որ առաջին հնարավորության դեպքում գան հայրենիք, հասնեն սահման:

Մոսկվայի հայերը դեղորայք ու առաջին բուժօգնության պարագաներ ունեն բերելու, Ախալքալակը հսկա բեռնատարներով ցորեն, կարտոֆիլ և անհրաժեշտ այլ մթերք: Ներկա պահին Պաշտպանության նախարարույթյան հետ փորձում են հասկանալ, թե Ախալքալակից եկող բեռնատարներն ինչպես են ապրանքը հասցնելու Արցախ:

Իսկ Գյումրոիւմ ամեն ինչ հավաքվում պահեստավորվում է Հայորդյաց տանը: Նույն հասցեն էր նաեւ Ապրիլյան պատերազմի ժամանակ: Մարդիկ արդեն իներցիայով են քայլում դեպի այնտեղ:

Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանն ասաց, ամեն ինչ անում են համաճարակային իրավիճակը չսրելու, հնարավորության դեպքում կուտակումներ չառաջացնելու համար: Շենքը շատ մուտքեր ունի, բոլորը բաց են այդ նպատակի համար, մեծաթիվ ապրանքներ նաև բակում են հավաքում:

«Շիրակի մարզպետի հետ ունեցած  համատեղ  զրույցից հետո որոշեցինք հստակ կազմակերպել մեր աշխատանքը, քանի որ մարդիկ առանց կանչելու էլ ինքնակամ գալու են այստեղ:

Մենք հիմնականում չոր սնունդ ենք վերցնում, չփչացող: Բանակը եթե կարիքը չունենա, տարհանված ընտանքիների կտանք կամ կպահեստավորենք, որ հետո պետք եղած ժամանակ օգտագործենք»,-ասաց Եդիգարյանը:

Մեկ անխախտ սկզբունք ունեն՝ գումար չեն վերցնում: Բայց մի բացառություն արել են, այլ ելք չի եղել: «Մի տատիկ իր թոշակն էր բերել, երկար բացատրեինք, համոզեցինք, որ գումար չենք վերցնում: Ընդդիմացավ, համառեց ու կանգնեց այնքան ժամանակ, մինչև եկավ այն պահը, որ մենք պետք է ապրանքը տեղափոխող վարորդներից մեկին վճարեինք: Տատիկը ստիպեց, ինքը վճարեց ու հեռացավ: Հետո իմացանք, որ զոհված թոռնիկ ունի»,- պատմեց Հայորդյաց տան տնօրենը:

Այս առավոտ նոր նախաձեռնություն է ծնունդ առել՝ «Ես Արցախն եմ. Շիրակ»: Եդիգարյանը շատ փակագծեր չբացեց, սակայն ասաց՝ կարևոր առաքելություն ունի նախաձեռնությունը: Այդ մասին ավելի ուշ կխոսի:

Չհստակեցրեց, բայց ասաց Սփյուռքի հետ հստակ կապ է հաստատվել, ծնունդով գյումրեցի համակարգող էլ կա, որն ամբողջ գործողությունները ղեկավարելու է:

Ներկա պահին պատրաստվում են գնալ Երևան՝ Արցախից եկած ընտանիքներ կան, որոնց տեղափխելու են Գյումրի: Անձամբ Եդիգարյանը պատրաստ է 50 երեխայի պահել, խնամել, ապաստան տալ:

Ստեղծվել է տեղաբնակների բազա, որոնք հստակեցրել են, թե քանի հոգու ինչ ժամանակամիջոցում կկարողանան հյուրընկալել կամ տրամադրել կեցության պայմաններ: Անհրաժեշտության դեպքում կդիմեն նրանց օգնությանը:

Հիմա միայն մի բան է մնում՝ աղոթել ու հավատալ: Նաև, ըստ Եդիգարյանի, հակառակորդը լավ կանի զգուշանա հայ կնոջ ցասումից: Եթե հասունացել է պահը, որ սահման են մեկնում կանայք, ուրեմն նրանց վերջը եկել է: Այս անգամ մեր հաղթանակը վերջնական է լինելու:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •