Այսօր ռազմաճակատ մեկնող կամավորներին ու աշխարհազորայիններին ճանապարհեցին մի քիչ հուզված, բայց ծափերով, երգով ու մեքենաների ազդանշաններով:

Երեւանի զինկոմիսարիատներից մեկի բակում կռիվ մեկնող տղաներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները, բակում էին նաեւ փոքր երեխաներ: Դեռ հեռվից լսվում էր ռազմահայրենասիրական երգի ձայնը:

Ավտոբուսի շուրջը հավաքվածները լսում էին բարձրախոսով հնչող անունները, որին ի պատասխան՝ նշվում էր. «Եկա»:

Ներկաները՝ թե՛ կռիվ մեկնողները, թե՛ նրանց ճանապարհողները, հիմնականում չէին ցանկանում պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով. «Խոսալու բան է մնացել, պատերազմ է»:

Շատերը նաեւ չէին կարողանում զրուցել հուզմունքի պատճառով:

Ներկաներից մեկի խոսքով՝ եղբայրները կռիվ են գնում, ինքն էլ պիտի գնա, իսկ մեր տղերքին հալալ է, նման տղերք աշխարհում չկան, բոլորն էլ տարբեր տեղերից, նաեւ Ռուսաստանից հենց մի բան են լսում, միանգամից գալիս են:

Ինչպես նշեց, մի ժամվա ընթացքում կարող էին այնտեղ լինել (նկատի ունի Բաքու), սակայն Թուրքիան շատ է օգնում Ադրբեջանին:

«Բայց կապ չունի՝ Թուրքիան չլինի, ով ուզում է լինի, գնալու ենք մինչեւ վերջ»,- նշեց նա:

Կամավորներին տարբեր հարցեր ուղղելով՝ հիմնականում նույն ու կարճ պատասխանն էինք ստանում. «Հաղթելու ենք»:

Ոմանք էլ հարցին ի պատասխան՝ ժպիտները դեմքին՝ հույս էին տալիս. «Սաղ լավ ա լինելու, չմտածեք»:

Հավաքված հարազատները եւս շատ խոսելու տրամադրված չէին, իրենց մաղթանքներն էին հղում, որ Աստված տղերքի հետ լինի, հաղթած գան:

Անդրադառնալով այս օրերին միջազգային կառույցների գործունեությանը՝ նշում էին, թե հույսներս մեզ վրա պիտի դնենք, օգնեն-չօգնեն, մենք Աստված ունենք:

«Մեր հայ ժողովուրդը կազմակերպված է, քաջ, խիզախ, միասնական, մենք վարձու զինվոր չունենք, մենք մենք ենք, տես»,- նշեց ներկաներից մեկը՝ ձեռքով ցույց տալով ավտոբուսի մոտ հավաքված տղերքին, որ շուտ-շուտ մոտենում էին անուններ կարդացող տղամարդուն ու հարցնում. «Հո, իմ անունը չկարդացի՞ք»: Վախենում էին անունը կարդան, իրենք չլսեն ու չկարողանան գնալ կռիվ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •