Սեպտեմբեր 27-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, խորհրդարանական դեբատները քաղաքական դասի հայտարարություններն առաջին անգամ թեկուզ հստակ չձեւակերպված, բայց պետական շահին, հայերի քաղաքակրթական առաքելությանը համահունչ համախմբման լիցք են պարունակում:

Արցախի դեմ հարձակումը եւ դրա շուրջ արտաքին զարգացումները, մասնավորաբար Թուրքիայի ուղիղ ներգրավմամբ, ցույց տվեցին, թե իրականում ինչ աշխարհքաղաքական ահռելի բեռ ու պատասխանատվություն ունի Հայաստանը եւ ինչ ուժերի է դիմակայում:

Կարելի է հուսալ, որ հայկական պետական շահի առայժմ միակ ձեւակերպված ու կայացած կառույցին՝ բանակին, ավելանում է նաեւ քաղաքական համակարգը, որը գիտակցում է ներքին ու արտաքին սահմանները արդեն ոչ միայն ելույթների, այլեւ գործողությունների մակարդակում: Իսկ դա չափազանց կարեւոր է ոչ միայն բանակին միայնակ չթողնելու, այլեւ բանակին ամեն անգամ քաղաքական դասի փոքրոգության ու բարդույթների հետեւանքով առաջացած իրավիճակները կյանքի գնով սրբագրելու բեռից: Հայկական բանակը լրջագույն առաքելություն ունի Մեծ Մերձավոր Արեւելքում սահմանների վերաձեւման եւ նոր աշխարհակարգի ձեւավորման ներկայիս փուլում:

Սա վերջին կռիվն է՝ այս արտահայտությունը սեպտեմբերի 27-ից ի վեր հաճախ կարելի է լսել, եւ դրա մեջ իմաստ կա: Սեպտեմբերի 27-ին խորհրդարանական դեբատներում խոսք եղավ այն մասին, որ հետայսու պարտություն թե հաղթանակ, զինադադար թե պատերազմ՝ մերն են լինելու՝ մենք ենք որոշելու: Նվազագույն խնդրի մակարդակում դա Արցախում տասնամյակներ շարունակ արտաքին խաղացողների շահերի ծիրում արյունաքամ անող իրավիճակի հաղթահարումն է, հայկական իրավունքի ու շահերի ուժով:

Այդ մասին խոստում հնչեց քաղաքական դասի կողմից, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի հայտարարությունների տեսքով: Երբ մենք ենք որոշում, իրավիճակը փոխվում է արմատապես. այդ պարագայում Հայաստանի դեմ գործող շահերի ու իրավիճակների բութ գործիքը՝ Ադրբեջան կոչվող անդեմ սոցիումը, անէանալու է ասպարեզից: Զուր չէ, որ Թուրքիան ուղիղ մտավ ասպարեզ՝ թուրքերը գիտեն հայկական իրավունքի կենտրոնացման ահռելի ուժը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •