Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում այսօր նույնպես նախագահի և փոխնախագահի ընտրության հարցն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:

Նրա խոսքով՝ այս պահին որևէ թեկնածու դեռ չկա: «Մենք դեռ առաջադրման կամ ինքնաառաջադրման փուլին չենք հասել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նիստը բաց անցկացնելու հարցը դարձյալ քննարկվի, Դիլանյանը նշեց. «Եթե դատավորներից մեկը առաջարկեց, որ նորից անդրադառնանք, միգուցե նաև անդրադառնանք, բայց արդեն կա որոշում, այս պահին չեմ կարող ասել»:

Դիլանյանը նշեց նաև՝ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում: «Ես ձեզ անկեղծ ասեմ՝ առանց որևէ փարիսեցիության. ես կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է՝ իր իսկ մասնագիտական հմտությունները դրսևորելու համար, և ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում և հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել»:

Դիլանյանի կարծիքով՝ ՍԴ նախագահի պաշտոնը գրավիչ չէ: «Ինչպես կզարգանան հետո իրադարձությունները՝ չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է Սահմանադրական դատարանի դատավորի մասնագիտական աշխատանքը, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում և հսկայական ժամանակ է խլում քեզնից, համատեղել ՍԴ նախագահի պաշտոնի հետ, որը ենթադրում է ներկայացուցչական գործառույթներ, վարչական, կազմակերպական գործառույթներ: Իմ կարծիքով՝ շատ ավելի հարմարավետ է ՍԴ-ում աշխատել՝ որպես դատավոր»:

Անդրադառնալով իրավապաշտպանների դժգոհություններին, որ նոր դատավորների ընտրությամբ ՍԴ ճգնաժամը հեղափոխության արժեքներին համապատասխան չի լուծվել՝ Դիլանյանը նշեց՝ միշտ նախընտրում է նայել ապագային: «Միշտ աշխատում եմ հետ չնայել, միշտ մտածում եմ ապագայի մասին, պլանները կազմակերպում եմ՝ աչքիս առաջ ունենալով ապագան, և եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին կլինի վաղվա ՍԴ-ն այս կազմով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՍԴ-ն, ինչպես և ցանկացած դատարանի լեզուն, բնավորությունը, ամեն ինչը այդ դատարանի որոշումներն  են»:

ՍԴ դատավորը նաև առաջարկեց ավելի շատ մասնագիտական հանրության կարծիքը հաշվի առնելով հասկանալ՝ դա այն ՍԴ-ն էր, որը հասարակությունը ուզում էր տեսնել, թե, այնուամենայնիվ, ավելի բարձր ակնկալիքներ կային:

Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Վահե Գրիգորյանի սցենարով Դիլանյանը պետք է դառնա ՍԴ նախագահը, և հիմնական պայքարը նրա  և Երվանդ Խունդկարյանի միջև է՝ Դիլանյանը հորդորեց չհավատալ նման հերյուրանքների: «Էլի Սահմանադրական դատարանի աղբյուրնե՞րն են փոխանցել: Այն աղբյուրները, որոնց համաձայն՝ ես ամեն օր Կառավարություն եմ գնում և այնտեղից ինչ-որ ցուցումներ եմ ստանում: Եկեք այդպիսի հերյուրանքների մի հավատացեք, ավելի լուրջ լինենք, դատարանը ավելի լուրջ հիմնարկ է, քան այն հիմնարկը, որը հասարակության մոտ պետք է տպավորություն ստեղծի բամբասանքների շնորհիվ»:

Հարցին՝ կա՞ որևէ մեկը, որին կուզեր տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, Դիլանյանը նշեց, որ հարգում է բոլոր գործընկերներին: «Չեմ ուզում կարծիք հայտնել, բոլոր գործընկերներին հարգում եմ, բոլորին համարում եմ բարձր մասնագիտական և մարդկային որակներ ունեցող դատավորներ, իսկ մնացածը կլինի մեր ընդհանուր քննարկման արդյունքում, երբ տեսնենք՝ առաջադրված կամ ինքնաառաջադրված թեկնածուները ինչպես են տեսնում ՍԴ-ի ապագան, և մենք, ըստ էության, դա ենք գնահատելու»:

Հիշեցնենք՝ երեկ՝ 15:30-ին, նույնպես ՍԴ նիստ էր հրավիրվել, որի ընթացքում պետք է քննարկվեր ՍԴ նախագահի և փոխնախագահի հարցը, սակայն օրակարգային այս հարցի փոխարեն քննարկվել էին տեխնիկական բնույթի հարցեր: Նիստը ընդմիջվել էր մինչև այսօր՝ 11:00:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •