«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել», ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ակնհայտ է, որ գրառումը Գագիկ Ծառուկյանի մասին է, ավելի շուտ 1979 թվականի խմբակային բռնաբարության այն գործի, որի շրջանակում դատապարտվել է նաեւ Ծառուկյանը: Արդեն հետխորհրդային Հայաստանի դատարանում Ծառուկյանն արդարացվել է, ինչպես պնդում էր ԲՀԿ-ն այն բանից հետո, երբ բռնաբարության գործի մասին արխիվային փաստաթղթերը հայտնվեցին շրջանառության մեջ:

Դա սուր մարտահրավեր է ԲՀԿ նախագահ Ծառուկյանին, որը մարզերում հանդիպումներ է անցկացնում իր հայտարարած մեծ հանրահավաքին ընդառաջ: Օրերս մամուլում հայտնվել էր հրապարակում, թե արդյոք ԲՀԿ նախագահը կպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դա ընդհանուր հասարակական-քաղաքական համատեքստում դիտվում է օրակարգի «լրջության» յուրօրինակ չափանիշ: Այդպես էր նաեւ հեղափոխությունից առաջ: Մի կողմ թողնենք այն, թե որքանով է դա իրապես քաղաքական օրակարգի լրջության չափանիշ՝ լրջությա՞ն չափանիշ է, թե՞ դատարկությունը ծածկող հանգամանք:

Տվյալ պարագայում, ԲՀԿ նախագահի ազդարարած մեծ հանրահավաքին ընդառաջ վարչապետի գրառում-հայտարարությունը Գագիկ Ծառուկյանին փաստացի մղում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուն: Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին «մղում» է իր հրաժարականը պահանջելուն: Կգնա՞ Ծառուկյանը դրան, կմտնի՞ այդ քաղաքական պահանջի պատասխանատվության տակ:

Օրինակ, նախահեղափոխական Հայաստանում Ծառուկյանը ամեն կերպ խուսափում էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, եւ այդ մասին խոսեց միայն Սարգսյանի 2015 թվականի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո: Միայն Ծառուկյանի դեմ Սերժ Սարգսյանի գրոհից հետո նա ի պատասխան հայտարարեց, թե Սարգսյանին հեռացնելն այլեւս իր կյանքի նպատակն է: Երեք օր անց փաստացի հեռացավ Ծառուկյանը:

Նիկոլ Փաշինյանը նրան մղում է հրաժարականի պահանջի նու՞յն տրամաբանությամբ: Թե՞ փորձում է սրել խաղն ու այդպիսով արագություն հաղորդել ընդդիմադիր քաղաքական խմբերի վարքագծում, որին նրանք գուցե պատրաստ չեն: Բոլորը պատրաստվել ու «ծրագրավորվել» են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը փաստորեն այժմ ԲՀԿ նախագահին մղում է վարչապետի հրաժարականի պահանջի: Եթե Ծառուկյանն անի դա, մյուսները կմիանա՞ն, կգնա՞ն այդպիսի արագության:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •