Նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը միջազգային արձագանքների շարքում բավականին կարևոր էր դիտարկել ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, որտեղ կար բավականին նշանակալի անդրադարձ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի հրահրող դերին:

«Միացյալ Նահանգները կարծում է, որ արտաքին ուժերի մասնակցությունը բռնության աճին չափազանց անօգուտ է և միայն կարող է խորացնել տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու ուղղությամբ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ անդրադառնալով արցախյան գոտում Ադրբեջանի սկսած պատերազմին:

ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում բավականին թափանցիկ է ակնարկը Անկարային՝ բռնության աճի համար պատասխանատվության իմաստով: Այն, որ ակնարկը ուղղված է Անկարային՝ որպես «արտաքին ուժ», ակնառու է դառնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին ընդգծման ֆոնին:

Ընդ որում, այստեղ կա հատկանշական ասոցիացիա Ռուսաստանի արտգործնախարար Ռուդենկոյի հայտարարության հետ, որում նա «արտաքին ու ներքին» ուժերին կոչ էր արել զսպվածության՝ դարձյալ շեշտելով Ռուսաստանի համանախագահ լինելու հանգամանքն ու մյուս համանախագահների հետ աշխատանքը: Այլ կերպ ասած՝ թե՛ Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից հնչում է ակնարկ նույն համատեքստային բաժանումով՝ Թուրքիան «արտաքին» ուժ է արցախյան հարցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը՝ «տեսնենք, կկարողանանք դադարեցնել դա», բազմիմաստ ասել էր Թրամփը: Վաշինգտոնի այդ ակնարկը թերևս ուղղված է Մոսկվային:

Վաշինգտոնը մի կողմից՝ զգուշացնում է Անկարային, որ անթույլատրելի է «արտաքին» անօգուտ միջամտությունը և բռնության աճը, մյուս կողմից՝ թերևս ակնարկում Մոսկվային, որ կլինի իր միջամտությունը, եթե նշմարվի իրավիճակի հարցում ռուս-թուրքական պայմանավորվածություն հօգուտ բռնության, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •