arthur-gevorgyan

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։

«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- ասվում է դատախազության պատասխանում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործը հարուցել էր «Հետքի» հրապարակումից հետո, որը վերաբերում էր Արթուր Գևորգյանի ամերիկյան գործարքներին։ Ըստ այդ հրապարակման՝ Գևորգյանը ԱՄՆ-ում 2015 և 2016 թթ. ձեռք է բերել 2 բնակարան (մեկը՝ Գլենդելում 520.000 դոլարով, մյուսը՝ Լոս Անջելեսում 475.000 դոլարով), որոնք, սակայն, չի հայտարարագրել, ինչը, սակայն, պարտավոր էր անել: 2017-ին պատգամավոր Գևորգյանը օտարել է բնակարանները իր իսկ հիմնած «Arvivi» ընկերությանը: Ընդ որում՝ իբրև պատգամավոր, նա իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրությամբ, քանի որ դա Սահմանադրության խախտում է: Գույքի ձեռքբերումը չհայտարարագրած պաշտոնյան չէր հայտարարագրել նաև դրա օտարումը, այնինչ 2017 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածը, որով հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը համարվում է քրեորեն պատժելի արարք (նախատեսում է տուգանք կամ ազատազրկում՝ կախված թաքցված գույքի կամ եկամտի ծավալներից): 2019 թ. գարնանը, Գևորգյանը երբ այլևս պաշտոնյա չէր, իր ամերիկյան ընկերության միջոցով վաճառել է բնակարանները (680.000 և 515.000 դոլարով) և փոխարենը 1,5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում, որտեղ և գտնվում է ներկայումս։ Այս տարվա մարտի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ ՔՕ 310.1 հոդվածի առաջին մասով և 314.3 հոդվածի երկրորդ մասով: Իսկ արդեն ապրիլին ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում էր կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Արթուր Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը, որը երեկ հերքել էր Գևորգյանի ձերբակալման լուրերը, այսօր դատախազության կողմից լուրը հաստատելուց հետո այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Արթուր Գևորգյանի ձերբակալման մասին առաջինը երեկ հայտնեց նախկին ոստիկան, այժմ Հայաստանից հեռացած Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը։ Նա ֆեյսբուքյան իր լայվի ժամանակ տեղեկացրել էր, որ դիմել է Ամերիկյան հատուկ ծառայություններին՝ Գևորգյանին ձերբակալելու պահանջով։

Վարդան Ղուկասյանը պնդեց, որ Արթուր Գևորգյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով, իր դիմումի հիման վրա։ «Նա ԱՄՆ-ում ձերբակալվել է փողերի լվացման համար։ ԱՄՆ հատուկ ծառայություններին ուղարկված իմ դիմումում ես նշել եմ, թե նա ինչեր է արել ԱՄՆ-ում, որպեսզի իրավապահների համար պարզ լինի, թե ինչ կարգի սրիկայի հետ գործ ունեն։ Գրել եմ, որ նա իր աներոջ հետ խառնված է եղել ՀՀ ոստիկանական համակարգը թալանելու գործին։ Գրել եմ, թե ինչ տարբեր տիպի կոռուպցիոն մեխանիզմներ են իրականացվել աներ-փեսա տանդեմով ու ինչպես են պետական գումարները հոսել նրանց գրպանը։ Գրել եմ, որ ԱՄՆ-ում Արթուր Գևորգյանի կողմից ձեռք բերված երկու բնակարանները գնվել են անօրինական գումարներով։ Դրանք եղել են անօրինական գումարներ, որոնք արտահանվել են Հայաստանից ԱՄՆ։ Դրան գումարած, Գևորգյանը ԱՄՆ-ում զբաղված է եղել ֆինանսական մախինացիաներով, փողերի լվացմամբ, որը իրականացվել է լուրջ բանկային մեխանիզմներով։ Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ գումարների հետ մախինացիաներ են եղել նաև Ապրիլյան պատերազմի բարեգործական հիմնադրամի փողերի հետ։ Մուտքեր ու ելքեր են արվել Հայաստանից ԱՄՆ-ը, ԱՄՆ-ից՝ Հայաստան»,-ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ չէր սպասում, որ իր դիմումին նման արագ կարգով ընթացք կտրվեր։ «Ես ԱՄՆ հատուկ ծառայություններին այդ դիմումն ուղարկել եմ մայիս ամսին, և 4-5 օր առաջ փաստաբանն ինձ ասաց, որ պատասխանը եկել է ու արդյունքը եղավ Վովայի փեսայի ձերբակալությունը։ Ես եսիմ ինչեր չեմ արել։ Ես ընդամենը ԱՄՆ հատուկ ծառայություններին ասել եմ, որ իրենց երկրում թաքնվում է հանցագործ։ Իսկ դա արեցի, քանի որ գիտեի, որ նա չէր կարող ԱՄՆ-ում ձերբակալվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում, քանի որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև չկա արտահանձնման պայմանագիր։ Այժմ Արթուրիկը ձերբակալվել է ԱՄՆ-ում, ԱՄՆ-ում հանցագործություն կատարելու համար, և նա չի արտահանձնվելու Հայաստանին ու պատժվելու է ԱՄՆ օրենսդրության համապատասխան»,- ասաց Ղուկասյանը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •