Georgia

Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխանությունները որոշել են արգելել երկրի տարածքով դեպի Հայաստան և Ադրբեջան զենքի տարանցումը, հաղորդում է «Sputnik Վրաստանը»:

Նա նշել է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղում սրված հակամարտության երկու կողմերն էլ ընդունել են Վրաստանի դիրքորոշումը:

Բացի այդ, պատգամավորը շեշտել է, որ երկիրը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով:

«Վրաստանը հասկանալի պատճառներով չեզոք դիրքորոշում ունի այս հակամարտության վերաբերյալ, քանի որ մենք հատուկ բարիդրացիական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»,- եզրափակել է Սեսիաշվիլին:

Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունը սադրիչ է: Այս մասին ասել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի տեսակետը մեկնաբանելիս, հաղորդում է aliq.ge-ն:

Ըստ Սահակաշվիլիի՝ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության  տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»:

«Ապակայունացման և վնաս պատճառելու դրսևորում է մի կողմին աջակցություն հայտնելը և դիրքորոշում արտահայտելն այն ժամանակ, երբ Վրաստանի շահն է հարևանությամբ միայն խաղաղություն ունենալը:

Սահակաշվիլիի նպատակը վրացիների հետ հարյուրավոր տարիներ  խաղաղ բնակվող հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի բախումներ առաջացնելն է։ Ու եթե Սահակաշվիլիկի երազանքը կատարվի, այս ամենը կվերածվի հակամարտության: Այս հայտարաությունն այլ բան չի կարող նշանակել»,- հայտարարել է Վոլսկին:

Նրա խոսքով՝ Վրաստանն առավելագույնս  ձեռնպահ ու չեզոք պետք է լինի:

«Միջազգային բարեկամներին պետք է առաջարկենք, որ անհապաղ ներգրավվեն այս խնդիրը լուծելու հարցում:

Հակառակ դեպքում, սա կարող է արտակարգ իրավիճակի հիմք դառնալ տարածաշրջանում ու մասնավորապես Վրաստանում, որտեղ բնակվում են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր: Վրաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ մեր տարածքում էթնիկ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում լիներ: Ցավոք, ընդդիմադիրները հենց սա են ուզում, ու Սահակաշվիլիի հայտարարությունը սրան էր ուղղված»,- նշել է Վոլսկին:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •