«Հարգելի ընկերներ, ես դեռ այնտեղ չեմ, որտեղ կցանկանայի լինել… ես Երեւանում եմ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Եգոր Գլումովը և հավելել, որ հավանաբար վաղն առավոտյան կմեկնեն սահման:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սկսվել են ռազմական թեժ գործողություններ՝ կենդանի ուժի, հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ:

Որքան էլ ինքնին կարեւոր լինի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման խնդիրը, ես կնախընտրեի, որ իշխանությունները չշտապեին այս հարցում վերջնական որոշում ընդունել, այլ կենտրոնանային ռազմական գործողությունների եւ դրանց արդյունքի վրա: ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի կոչերին՝ ասաց քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը:

Նրա համոզմամբ՝ մեր իրավական ու քաղաքական ձեւակերպումները ռազմական արդունքներից չպետք է առաջ ընկնեն, այլ հակառակը՝ ձեւակերպեն եւ ճշգրիտ արտացոլեն ռազմական ձեռբերումները:

«Տեսականորեն հնարավոր է պատերազմի մի քանի ելք, որից կախված էլ, կարող է շատ բան փոխվել տարածաշրջանային դասավարության եւ դիրքերի մեջ՝ ընդհուպ մինչեւ ներքաղաքական զարգացումներ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում: Շատ հեռուն գնացող ենթադրություններ չեմ ուզում անել, քանի որ պատերազմն աշխարհի առավել անկանխատեսելի երեւույթներից է, բայց կարեւոր է գիտակցել, որ այս պահին ամեն բան վճռվում է ռազմի դաշտում»,- ասաց քաղաքագետը:

Այս առումով նա պատերազմի առնվազն երկու ելք է հնարավոր համարում: Տեր-Աբրահամյանի խոսքով՝ հնարավոր է այս պատերազմն ավարտվի 2016-ի նման, ունենանք հրադադար եւ վերադառնանք մոտավորապես այն ստատուս-քվոյին, որն ունեցել ենք՝ մի քանի դիրք այս կամ այն կողմ:

«Սա առավել պահպանողական սցենարն է: Հնարավոր է, մյուս կողմից, որ Արցախի բանակը դիմի հզոր հակահարվածի եւ ոչ միայն պաշտպանական հաղթանակ տանի, այլեւ հավասարակշռությունից հանի հակառակորդի բանակին՝ առավել ծանր պարտության մատնելով նրան, կամ նույնիսկ ստատուս քվոյի նոր կոնֆիգուրացիա ունենանք՝ այնպես, որ Ադրբեջանը այլեւս երկար տարիներ չմտածի ռազմական լուծման մասին: Սա կախված կլինի կոնկրետ իրավիճակից եւ ռազմաքաղաքական որոշումներից: Ի վերջո մենք ունենք Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներ՝ Արծվաշեն, Շահումյան, Գետաշեն եւ այլն»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ չենք կարող լիովին բացառել նաեւ երրորդ կողմերի միջամտության աճը՝ այս կամ այն կերպով: Ուստի, նրա համոզմամբ, մենք դեռ շատ անպատասխան հարցեր ունենք այս պատերազմում:

Ցանկացած՝ նույնիսկ առավել պահպանողական սցենարի դեպքում, պատմաբանի խոսքով, տարածաշրջանում նոր ուժային դասավորություն է լինելու: Տեր-Աբրահամյանը վստահ է՝ հայ ժողովուրդն ապացուցելու է, որ ինքն ի զորու է դիմակայել է՛լ ավելի հզոր հարձակմանը, քան 2016-ին էր, իսկ համեմետած 1991-1994 թթ.-ի հետ նաեւ որակապես նոր տեխնիկական պայմաններով պատերազմում կարող է հաղթել: «Նաեւ՝ կարող է հաղթել, նույնիսկ երրորդ ուժերի աննխադեպ միջամտության պայմաններում: Եվ սա, կրկնեմ, նույնիսկ պահպանողական սցենարի դեպքում»,- հավելեց նա:

Եվ քանի որ այս ամենից հետո լրիվ նոր իրավիճակ է ստեղծելու, ըստ քաղաքագետի, արդեն այդ նոր իրավիճակում մենք պետք է վերաձեւակերպենք, վերաիմաստովորենք մեր քաղաքական մոտեցումները, այդ թվում Ղարաբաղյան հարցում:

«Պարզ է, որ բառացի վերադարձ նախկինին այլեւս չի կարող լինել, եւ չի լինի: Հայաստանի փաստացի ուժային կարգավիճակը բարձրանալու է: Եվ մենք կարող ենք մտածել՝ ճանաչել Արցախի անկախությունը, կամ նույնիսկ քննարկել, ինչպես հիմա առաջարկում են՝ Միացման հարցը, կամ էլ չդիմել որեւէ նոր իրավական ձեւակերպման: Բայց բոլոր դեպքերում մեր քաղաքականությոնը վերաիմաստավորման կարիք է ունենալու, եւ այդ վերաիմաստավորումը ոչ թե լինելու է ըստ տեսական դատողությունների, այլ հիմնված կոնկրետ արդյունքների վրա, որոնց կհասնենք ռազմական գործողություններով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը դարձյալ ակտուալ դարձավ սեպտեմբերի 27-ին Արցախի սահմանների ամբողջ երկայնքով Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայից հետո:

Նախօրեին Ազգային ժողովում ռազմական դրություն հայտարարելու հարցով ԱԺ հատուկ նիստի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ արդյոք Հայաստանի օրակարգում կա՞ Արցախի անկախությունը ճանաչելու հարց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ուղիղ հարցին՝ կա՞ արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում, մենք նաեւ Ձեր հարցից հետո հրապարակային, այո, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք»:

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադառնալով այդ հարցին՝ Մարուքյանը վստահեցրեց՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական զինանոցում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարցը: «Եվ այն, որ այսօր սա հրապարակային քննարկման առարկա է դարձել, շատ կարեւոր է եւ ունի իր նշանակությունը»,- շարունակեց նա:

Անդրադառնալով տեսակետներին, թե պետք չէ ճանաչել Արցախի անկախությունը, ավելի ճիշտ է այն միացնել Հայաստանին՝ Մարուքյանը շեշտեց, որ կան տարբեր մեխանիզմներ, տեսլականներ:

Պատգամավորի համոզմամբ, դրանք տեխնիկական հարցեր են, իսկ վերջնական նպատակը հայրենիքի վերամիավորումն է: «Մենք մեր անելիքն արդեն այդ մասով արել ենք երեկվա նիստի ժամանակ, ուղերձները հղված են եւ հասել են համապատասխան տեղերին»,- վստահեցրեց Մարուքյանը:

Արցախի անկախության ճանաչմանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կողմ արտահայտվեց նաեւ «Բարգավաճ Հայասատան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ-ականին բարկացրել են հատկապես Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ միջազգային կառույցների հայտարարությունները: Միջազգային հանրությանը սթափեցնելու համար նա առաջարկեց քննարկել Արցախի անկախության  ճանաչումը:

«Ես կարծում եմ ժամանակն է, որ խորհրդարանում քննարկենք Արցախի ճանաչումը եւ ընդունենք Արցախի ճանաչումը, այդ թվում նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հուշագիրը ընդունենք»,-ասաց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցությունից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նկատեց՝ քանի դեռ ռազմական գործողությունները մեզ համար բարենպաստ հունով են գնում, ճանաչումը այս պահին կարող է սպասել: «Դա կախված է, թե զարգացումները ինչպիսի ընթացք կունենան ռազմի դաշտում: Օրակարգում այդ հարցը կա»,- շեշտեց նա:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •