Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը չի շտապում գնահատական տալ ռուսական «Դոսյե» կենտրոնի վերջին աղմկահարույց հրապարկմանը, որտեղ նշված է, որ ռուսական հատուկ ծառայություններն ունեն իրենց  գործակալները Հայաստանի Հանրապետության  գրեթե բոլոր պետական կառույցներում:

Պատգամավորն այս առումով առաջարկեց սպասել ՀՀ ԱԱԾ ուսումնասիրությունների ավարտին՝ հղում անելով ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ հիմա ՀՀ ԱԱԾ-ն քննում է այդ տեղեկությունները և այդ հրապարակման մեջ առկա տեղեկությունների մասով կտրվի քրեաիրավական գնահատական:

«ԱԱԾ-ի ուսումնասիրությունների ավարտից հետո կարող ենք ավելի դետալային խոսել այդ ամենի մասին, բայց, իմ կարծիքով, մեկ բան ակնհայտ է՝ բոլոր նրանք, ովքեր ՀՀ-ում զբաղեցրել են և զբաղեցնում են պետական պաշտոն, աշխատավարձ են ստացել մեր հարկատուների հարկերից և դրան զուգահեռ ծառայել են այլ պետությունների շահերին ու եղել են հավաքագրված գործակալներ, ապա բացի քրեաիրավական գնահատականից պետք է նաև հանրային ձևով պախարակվեն, հանրությունը պետք է իմանա այդպիսի մարդկանց անուններն ու նրանց դավաճանական արարքների մասին»,- շեշտեց Մկրտչյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ նման անձինք կարողացել են պետական պաշտոններ զբաղեցնել և իրենց տիրապետության տակ ունենալով պետական կամ ռազմական գաղտնիք հանդիսացող, ազգային անվտանգությանն առնչվող հարցերի փաստաթղթեր, դրանք փոխանցել այլ երկրի հատուկ ծառայություններին, պատգամավորը պատասխանեց.

«Սա բավականին դժվար, բազմաշերտ և խորը հարց է, որը հնարավոր չէ սպառել մեկ պատասխանով. միգուցե եղել են անձինք, ովքեր հընթացս են հավաքագրվել, կամ եղել են մարդիկ, ովքեր իրենց նշանակումից առաջ են հավաքագրվել կամ գուցե պաշտոնանկ լինելուց հետո են գործակալ դարձել և այլն և այլն, այսինքն՝ այստեղ շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տրվեն միայն ուսումնասիորթւյուններից հետո: Այս պահի դրությամբ իմ կողմից մերկապարանոց կհնչի, եթե ես հիմա որևէ հապճեպ պատասխան տամ»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •