Կորոնավիրուսի տարածման պատճառով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամիսներ շարունակ արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ զրկված էին հանդիսատեսի հետ հաղորդակցումից: Չէին գործում կինոթատրոնները, համերգասրահները, թատրոնները, ցուցասրահները և մի շարք այլ մշակութային հաստատություններ:

Համավարակի որոշակի նահանջով պայմանավորված՝ խնդիրը կարծես թե լուծում է ստանում: Միջոցառումների կազմակերպման պայմաններում պարտադիր կանոններ են դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, ջերմաչափվելը, ախտահանվելը և այլն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, խոսելով թատրոնների և համերգասրահների առաջիկա աշխատանքի մասին, ասաց, որ արդեն արտոնություններ ունեն փակ մշակութային հաստատություններում միջոցառումներ իրականացնելու համար:

«Անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր ցուցումները՝ սոցիալական հեռավորությունը, ջերմաչափման, ախտահանման և դիմակները կրելու պայմանները: Այդ դեպքում մենք կարող ենք փակ տարածքներում թատերահամերգային գործունեություն իրականացնել: Առաջիկայում մեր կոլեկտիվներն աստիճանաբար կվերադառնան բնականոն աշխատանքին»,-տեղեկացրեց Խզմալյանն ու հավելեց, որ միայն մի պայման է գործում. փակ տարածքները պարտադիր պետք է ունենան օդափոխման համակարգեր:

Անդրադառնալով իրականացվող այլ ծրագրերին՝ փոխնախարարն ասաց, որ փորձում են չկատարված դրամաշնորհային ծրագրեր չթողնել: «Մենք համաձայնության ենք եկել դրամաշնորհները հաղթած կազմակերպությունների հետ, հատկապես միջազգային նախագծերի: Ըստ համաձայնության՝ այն միջազգային նախագծերը, որոնք խնդիր ունեն արտերկրից Հայաստան հյուրեր հրավիրելու, դրա համար նախատեսված ռեսուրսներն ուղղում են մեր ստեղծագործողներին, մեր արվեստագետներին: Այս ճանապարհով ևս աջակցում ենք մեր արվեստագետներին»,-ընդգծեց նա ու հիշեցրեց, որ նոյեմբերին մեկնարկում է կինոարվեստի երկրպագուների սպասված միջազգային փառատոնը՝  «Ոսկե ծիրան»-ը:

Վերադառնալով դրամաշնորհներին՝ Խզմալյանը նշեց, որ ունեն ինքնազբաղ արվեստագետներին ուղղված դրամաշնորհների հայտը, դրա վերջնական արդյունքների ամփոփումն ու խորագրերի իրականացումը, ինչպես նաև մարզերում երիտասարդական կրթական, մշակութային կենտրոնների հիմնման գործընթացը, որի մանրամասները դեռ կհայտնեն:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •