Փաշինյանի գրառումը հատկանշական է ներքաղաքական իրավիճակի ֆոնին, որտեղ «առանցք» է դառնում Փաշինյան-Ծառուկյան բախումը, ինչը սակայն ավելի լայն քաղաքական շերտերի ընդամենը մակերեսն է:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում շոշափում է Հայաստանում մշտապես գոյություն ունեցած «քաղաքական ճիշտը», նշելով, որ Քաղաքացիական պայմանագիրը գնացել է դրա համեմատ «սխալ» ճանապարհով: Փաշինյանը թվարկում է «ճշտի» ու «սխալի» հատկանշական բախման հանգրվանները, որոնք Հայաստանի համար եղել են ներքին ու արտաքին քաղաքական իմաստով բախտորոշ փուլեր՝ 2014 ոչիշխանական բեւեռ, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություն, 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավում,  2017 թվականի խորհրդարանի ընտրություն եւ 2018-ի վարչապետի խնդիր:

Փաշինյանը թեման արծարծում է առկա քաղաքական իրավիճակի համատեքստում, երբ հանրային-քաղաքական օրակարգում աշխուժացել է «հեղափոխության սխալների» հարցը այն ուժերի շրջանում, որոնք դիրքավորվել են որպես հեղափոխության աջակից: Այդ «դիսկուրսը» սրվեց ՍԴ դատավորների ընտրության համատեքստում: Ընտրություն, որը միջազգային բարդ իրադրության պայմաններում ներքին տիրույթը հիմնական գործոնների միջեւ որոշակիորեն բալանսավորելու փոխզիջումային տրամաբանությունն էր: Հատկանշական է նաեւ, որ հենց այդ ընտրությունից հետո էլ Նիկոլ Փաշինյանը գնաց Գագիկ Ծառուկյանի հարցում իրավիճակը սրելու քայլին, այդ գործոնը թերեւս դիտարկելով որպես ներքին բալանսի գլխավոր ռիսկ:

Այդ համատեքստում, հրապարակված ելույթով Փաշինյանը թերեւս ամփոփում է նախահեղափոխական ու հեղափոխական փուլն ու փաստացի ազդարարում քաղաքականի մեկնարկ՝ քաղաքական մոբիլիզացիա ազդանշանով: «Ճշտի» ու «սխալի» համատեքստում թվարկելով քաղաքական բախտորոշ շրջափուլերը եւ իրեն դնելով դրանցից դուրս, Նիկոլ Փաշինյանը փաստացի մատնացույց է անում նաեւ այդ շրջափուլերի «հերոս» ուժերին, որոնք այս կամ այն կերպ միացան հեղափոխական գործընթացին:

Այժմ Փաշինյանը քաշում է գիծն ու ցույց տալիս տարբերությունները՝ քաղաքական փուլից առաջ, հանրությանն առաջարկելով ընտրություն, առայժմ ոչ քվեախցիկներում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •