Հայաստանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)` ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ռուս լրագրողներին տված հարցազրույցում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է: Շատ դժվար է խոսել սահմանների մասին, երբ դիմելու ժամանակն է: Մենք սերտ համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգերի գործարկումն այլ հարց է: Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով` Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը: «Այլ հարց է` ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի: Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները` կախված իրավիճակից եւ ընդհանուր քաղաքական ենթատեքստից»,- ասել է նա:

Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երեւանում: «Մենք պատրաստ ենք ընդունել հանդիպումը: Ոչինչ չի փոխվել»,- ասել է նա: Ավելի վաղ հոկտեմբերի 8-9-ը նախատեսվում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երեւանում:

Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր օրակարգում այդպիսի հարց չկա»,- ասել է Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» համապատասխան հարցին։

Փաշինյանը նաեւ հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային զրույցում չի քննարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը ռազմական միջամտության հնարավորությունը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •