Բարի ցանկություններ, բաժակաճառ․․․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խմբակցության անունից հանդես գալով՝ երեկ ԱԺ բրիֆինգների ժամին այսպես արտահայտվեց Հայաստանի մինչեւ 2050 թվականի ռազմավարության մասին, որում հռչակված են Հայաստանում բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու, 1,5 միլիոն աշխատատեղ ստեղծելու, ՀՆԱ-ն 20-ապատկելու, աշխատավարձը յոթնապատկելու եւ այլ նպատակները։

Տոնոյանը նշեց նաեւ, թե չի հավատում այդ ենթադրություններին։ Ավելին՝ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը Հայաստանի առաջիկա 30 տարիների վերափոխման ծրագիրը համեմատեց «գեբելսյան ստի» հետ, ըստ որի՝ որքան մեծ է սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ։

«Ընդամենը իշխանություններին խորհուրդ կտայի,  որ շուրջ 5 տասնամյակ ընդգրկող պլաններ ներկայացնելուց առաջ ոչ վաղ անցյալի՝ հեղափոխության ժամանակահատվածում տրված խոստումները կյանքի կոչեին, դրանք իրականություն դարձնեին, հետո միայն 50 տարվա կտրվածքով ծրագրեր եւ պլաններ ներկայացնեին», – ասաց Իվետա Տոնոյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՀԺ-ի հարցին ի պատասխան Տոնոյանի գնահատականների առնչությամբ ասաց, որ դա սպասելի արձագանք է․ «Մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն պատկերացրել, թե ինչպես կարող է մեր պետությունը ունենալ զարգացման ռազմավարություն, ես կարծում եմ՝ կարելի է սպասել, որ նաեւ նման արձագանք կտան, այնպես որ առաջիկայում իրենք, կարծում եմ, հաղորդակցում են պլանավորում հանրության հետ, թող ներկայացնեն հանրությանը, որ իրենք չեն հավատում պետության զարգացման պլաններին, չեն հավատում, որ պետք է մարդիկ եւ ընդհանրապես հայ ժողովուրդը ունենան որեւէ երազանք»,- նշեց Մակունցը:

Խոսելով հեղափոխության ժամանակ տրված խոստումների մասին՝ Մակունցը վստահեցրեց, որ հետեւողականորեն աշխատում են իրենց բոլոր ծրագրերի ու նպատակների ուղղությամբ, մնացյալը՝ թե ընդդիմության եւ թե իշխանության հետ կապված, ժամանակը ցույց կտա։

Այլ է խնդիրը, «Լուսավոր Հայաստանի» տեսանկյունից։ Պատգամավոր Կարեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ չկա իշխանություն, որ չցանկանա նման նպատակները իրականություն դարձնել, սակայն խնդիրը նպատակներին հասնելու ճանապարհն է։ «Ես համոզված եմ՝ ե՛ւ Լուսավոր Հայաստանը ե՛ւ Բարգավաճ Հայաստանը համաձայն են նպատակների հետ, դրանք լավն են, դրական են, կարող են լինել, բայց հարցը հետեւյալն է, ինչպե՞ս իրագործել։ Միշտ կարելի է ասել՝ ոչ թե քսանապատկել, այլ հարյուրապատկել ՀՆԱ-ն, բնաչությունը ոչ թե 5 միլիոն, այլ 50 միլիոն դարձնել, բայց միջոցներն են կարեւոր, ինչո՞վ է դա իրականացվելու։ Իշխանությունը պետք է մտածի, որ առաջադրված նպատակները հարազատ լինեն եւ իրագործելի համարվեն նաեւ հաջորդ իշխանությունների համար։ Այդ ռազմավարությունը պետք է լինի շարունակական, իշխանությունը փոփոխվելուց հետո չփոփոխվեն այդ նպատակները»։

Հիշեցնենք, որ երեկ ռազմավարությունը ներկայացնելիս ՀՀ վարչապետն ասաց, որ  այնպես չէ, որ ռազմավարությունը մինչև 2050թ. պետք է ճշգրիտ մնա, այլ կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել։

Կարեն Սիմոնյանը կարծում է նաեւ, որ դժվար է ապահովել հատկապես դեմոգրաֆիական ցուցանիշները, քանի դեռ չեն ստեղծվել պայմաններ։ Դիտարկմանը, որ երեխայի ծնունդը խրախուսող մի շարք առաջարկներ կան պետական մակարդակով, Սիմոնյանը արձագանքեց, որ «խրախուսականը երբեք չի տալիս ազդակ դեմգրաֆիական հարցը լուծելու համար»։ «Ծնելիությունը հետեւանք է բարեկեցիկ կյանքի եւ դեմոգրաֆիական քաղաքականության։ Նվազագույն վերարտադրության համար անհրաժեշտ գործակիցը 2-2․5 է, իսկ վարչապետի նշած թվին հասնելու համար ամեն ընտանիք պետք է ունենա 6 երեխա»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, արձագանքելով Սիմոնյանի վերջին դիտարկմանը՝ ընդգծեց․ «Խոսքը միայն 6-7 երեխաների մասին չէ, կան մի քանի հանգամանքներ, որոնք նպաստում են դեմոգրաֆիական աճին․ 1․ ծնելիությունը ունի կարեւոր, բայց ոչ հիմնական ազդեցություն։ Հայաստանում նախորդ 30 տարում եւ ինչու միայն 30 տարում, Սովետից սկսած Հայաստանում շարունակական եղել է արտագաթ։ Մենք հայերս, որ հիմա որոշ դեպքերում հպարտանում ենք, որ Ռուսաստանում 3 միլիոն ենք, Ուզբեկստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում՝ կես միլիոն․․․Դա ինչի՞ց է եկել։ Առաջին հերթին պետք է արտագաղթի այս տենդենցը վերանա։ 2․ Հայաստանը պետք է լինի անվտանգ, բարենպաստ ապրելու տեղ՝ առաջին հերթին հայերիս համար։ 3․ Պետք է ունենալ զարգացած տնտեսություն, որպեսզի, ինչպես Փաշինյանն է ասում՝ Հայաստանն էլ լինի այնպիսի մի երկիր, որտեղ աշխատելը, խաղաղ ապրելը կլինի երաշխավորված։ Միայն այս դեպքում հայերն էլ, մյուսներն էլ կգան այստեղ ապրելու»։

Հարցին՝ արդյոք բացի այս բարձր նպատակները դնելուց, քննարկվո՞ւմ են նաեւ դրանց հասնելու ճանապարհները, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նկատեց․ «Իհարկե, եթե այս կորոնավիրուսը չլիներ (այնպես չէ, որ մենք ամեն ինչ փորձում ենք արդարացնել կորոնավիրուսով), այդ տենդենցը՝ թե մարդկանց աշխատանքով ապահովելու, թե Հայաստանի մնոլորտի հետ կապված, կտրուկ աճում էր, եւ մենք հույս ունենք, որ դա կշարունակվի»։

Մեր դիտարկմանը՝ ընդդիմադիրները նշում են, որ 2050 թվականին այս իշխանությունը չի լինելու, ումի՞ց են պահանջելու մարդիկ նշված ծրագրերը, Իգիթյանը պատասխանեց, որ այն մարդիկ, ովքեր որ այդպես են ապրում, իրենք ապրում են անցյալով, անցյալի մտածելակերպով։ «Նրանք կարծում են՝ պետությունը իշխանությունն է եւ մարդը։ Նրանց համար պետությունը եղել է Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը։ Դա է պատճառը, որ էդ մարդիկ անընդհատ փորձում էին այս մարդկանց շուրջը պտտվել եւ իրենց հետ առաջ գնալ։ Դա այդպես չէ, պետությունը ժողովուրդն է։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի քննարկմանն էր ներկայացնում այն ճանապարհը, որով պետք է հայ ժողովուրդը գնա։ Կապ չունի՝ Հովաննես Իգիթյանը վաղը լինելո՞ւ է, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը լինելո՞ւ է, թե ոչ։ Այն քաղաքական ուժը, որ նոր ընտրություններով գալու է՝ իր շտկումները մարտավարության հետ կապված կարող է մտցնել այդտեղ»։

Մեր խնդրանքով Իգիթյանն արձագանքեց նաեւ ԲՀԿ ներկայացուցչի այն դիտարկմանը, թե 2050-ի ռազմավարությունը նման է գեբելսյան ստին։ «Եթե դու իրատեսական չես համարում մի բան, արդյոք դա համարվո՞ւմ է գեբելսի սուտ։ Օրինակ, ԲՀԿ-ն ասում է, որ ինքը իշխանություն է վերցնելու, դա անհնար է, որեւէ ձեւով չի լինի, ուրեմն դա գեբելսի ստի նման մի բա՞ն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ներկայացրեց երկարաժամկետ ռազմավարություն։ Դա ապագայի այն կետն է, որին ձգտելու են հասնել իշխանության բոլոր թեւերը, քաղաքական գործիչները, մասնավորը։ Կարեւոր չէ՝ մենք դրան կհասնենք ա՞յս, թե՞ այն ձեւով, կարեւրոը, որ ուրվագծվում է այն նպատակը, դեպի որը մենք գնում  ենք։ Դա կիրականացվի միայն այն ժամանակ, երբ բոլորս կհավատանք, որ հնարավոր է իրականացնել։ Եթե որեւէ մի քաղաքական ուժ դրան չի հավատում, ուրեմն կամ փորձում է ժողովրդի մոտ հոռետեսություն սերմանել կամ իր քաղաքական նպատակներից չի բխում դրանց իրագործումը»,- վստահեցրեց պատգամավորը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •