Խուսափեք զորակոչից, փախցրեք ձեր որդիներին, իսկ եթե զորակոչվել եք՝ հանձնվեք հայերին, Ադրբեջանի ժողովուրդներին է կոչով դիմել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Դեռեւս սեպտեմբերի 27-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի ամբիոնից Ադրբեջանի ժողովուրդներին դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, կոչով, որ նրանք Էրդողանի ու Ալիեւի իշխանական ու քաղաքական անձնական հավակնությունների համար վտանգի տակ չդնեն իրենց, իրենց որդիների կյանքը:

Ադրբեջանի ժողովուրդների համար վտանգը պարզապես երկշերտ է: Նրանց նախ դարձնում են սանձազերծած պատերազմի զոհ, իսկ ողջ մնացածներն անկասկած ենթարկվելու են արդեն էթնիկ զտումների, որոնք անխուսափելիորեն լինելու են էրդողանյան ծրագրի մյուս քայլը՝ առաջինի հաջողության դեպքում:

Հայկական բանակն իհարկե ներկայում հաջողությամբ տապալում է Էրդողանի այդ ծրագրի ընթացիկ քայլը, սակայն դրա զոհ են դառնում նաեւ մարդիկ՝ լեզգիներ, ավարներ, թալիշներ, որոնց ժողովուրդները ոչ միայն որեւէ ընդհանուր շահ չունեն Էրդողանի եւ Ալիեւի հետ, այլ հակառակը՝ նրանց առանցքային թիրախներից են:

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի կոչին փաստացի միանում է արդեն Արցախը, պետական՝ ԱԺ նախագահի մակարդակով: Այդ մակարդակը ենթադրում է արդեն ավելի լայն բովանդակություն, այսինքն ներառյալ նաեւ երաշխիքներ՝ կյանքի եւ անվտանգության, նրանց համար, ովքեր կորոշեն հանձնել զենքն ու չդառնալ Էրդողանի եւ Ալիեւի «թնդանոթի միս»:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 1-ի առավոտյան հայտարարեց, որ ադրբեջանական կողմի զոհերի գերակշռող մեծամասնությունը լեզգիներ ու թալիշներ են: Ալիեւը նրանց նետել է պատերազմ, «խնամքով» սահմանագծելով պատերազմից ափշերոնյան «գլամուրը»:

Միեւնույն ժամանակ, Վահրամ Պողոսյանը նշել էր, որ հետախուզության տվյալով կա արդեն ժողովուրդների ընդվզումը: Դրա մասին խոսել է նաեւ իրանագետ Վարդան Ոսկանյանը, որը հայտնել է, որ թալիշները ապստամբում են զորահավաքի դեմ, ինչի մասին հայտնել է ադրբեջանական Խուրալ հեռուստատեսության լրագրողը:

Ադրբեջանը պետություն չէ, այլ արհեստական կարկատան է բոլոր, այդ թվում էթնիկ առումով: Կարկատանները պատռվում են, ինչը գործնականում անխուսափելի պատմա-քաղաքական գործընթաց է աշխարհակարգային ձեւավորման փուլում, այն պետությունների համար, որոնք կառուցվել են ոչ թե պատմական «բնականության» եւ ներդաշնակության միջավայրում, այլ դրա խախտման վրա:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •