Մենք ունենք դիվանագիտական էական հաջողություն՝ միջազգային հանրությունը սկսել է ճանաչել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի դեմ է կռվում վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայտնի է, որ այդ առնչութամբ բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել միջազգային հեղինակավոր մամուլում, իսկ Ռուսաստանն ու Իրանը արել են հայտարարություններ տարածաշրջան վարձկաններ և ահաբեկիչներ տեղակայելու առնչությամբ՝ դա համարելով անթույլատրելի: Այդ հայտարարություններում, իհարկե, չի նշվում Թուրքիայի և Ադրբեջանի անունը, սակայն այս փուլում թերևս էական է խնդրի արձանագրումն ու դրան պաշտոնական մակարդակի անդրադարձը առնվազն երկու մայրաքաղաքներում:

Հաջորդ փուլերը պետք է լինեն մեր դիվանագիտության հաջորդական նպատակները՝ թե՛ պաշտոնապես արձագանքող մայրաքաղաքների ընդլայնման, թե՛ պաշտոնական հայտարարությունների ձևակերպումների կոնկրետացման իմաստով: Իսկ առայժմ, ինչպես դարձյալ արձանագրել է վարչապետ Փաշինյանը, առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ, և Հայաստանը գործնականում կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի դեմ տարբեր այլ ռեգիոններում կռվում է միջազգային հանրությունը տարբեր ձևաչափերով: Ընդ որում, այդ ձևաչափերին իր տարբեր, դիվերսիֆիկացված մասնակցության լուման է բերում նաև Հայաստանը՝ մի տեղ խաղաղապահ առաքելության մասնակցելով, մեկ այլ տեղ՝ ներգրավվելով մարդասիրական առաքելությամբ:

Փաստացի ստացվում է, որ Հայաստանը իր բաժին կարևոր լուման է բերում միջազգային ահաբեկչության դեմ միջազգային անվտանգության համակարգի վարած քաղաքակրթական պայքարին և միևնույն ժամանակ ներկայումս գործնականում իր ուժերով պայքարում է արդեն միջազգային անվտանգության նոր ճակատում, որ Հայաստանի և Արցախի, սակայն անկասկած նաև ամբողջ ռեգիոնի ու քաղաքակրթության դեմ բացել են Թուրքիան ու Ադրբեջանը:

Այդ իմաստով տվյալ հանգամանքի ճանաչումը միջազգային հանրության, միջազգային անվտանգության համակարգի արդիական դերակատարների մի փոքր լուման է, որ կարող են բերել հայ ժողովրդի այդ պայքարին, բայց թերևս ամենևին ոչ համաչափ լուման՝ հաշվի առնելով ռեսուրսների հարաբերակցությունը, թե իր մասշտաբով ու ռեսուրսով ինչ լումա է բերում Հայաստանն այլ ուղղություններում քաղաքակրթության ու միջազգային անվտանգության պաշտպանության գործին, և այդ անվտանգության ու քաղաքակրթության բևեռները գոնե մինչ այժմ ինչպիսի լումա են բերում այդ գործում հայ ժողովրդի ճակատային պայքարին: Քաղաքակրթությունն ու միջազգային անվտանգությունը այս ճակատում դեռ շատ անելիք ունեն:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •