LGHH

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին: Կոչը ներկայացնում ենք ստորեւ.

«Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները։ Իրականության մեջ այս անգամ պատերազմի վերսկսման բուն նպատակներից մեկը Թուրքիայի ազդեցության կտրուկ տարածումն է այս տարածաշրջանում, որի համար Ադրբեջանի բնիկ ժողովուրդները թափելու են իրենց արյունը, զոհվելու կամ դառնալու են հաշմանդամ։

Այս պատերազմից Ադրբեջանի ոչ մի բնիկ ժողովովրդի ներկայացուցիչ ոչինչ չի շահելու՝ ձեր եւ Արցախի հայության միջեւ չկա կիսելու ոչինչ, մեր շահերը իրար չեն հակասում։ Արցախի հայությունը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ձեզ, եւ վերջին տասնամյակներում Բաքվի իշխանություններն են, որ խոչընդոտում են մեր ու ձեր հազարամյակների պատմություն ունեցող շփմանը եւ բարեկամությանը։

Արցախում տեղյակ են, որ Բաքվի իշխանություններն առաջնահերթ զորակոչն անցկացնում են հենց Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շարքերում եւ նրանց են ուղարկում առաջնագիծ, ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներ, որտեղ ամենամեծն է զոհվելու հավանականությունը։

Դրանով իսկ Բաքվի իշխանությունները լուծում են երկու խնդիր. մի կողմից ձեզ օգտագործում են Արցախի դեմ, մյուս կողմից, ձերբազատվում են ձեզանից, քանի որ դուք եք հանդիսանում Ադրբեջանի զանգվածային թյուրքիզացման խոչընդոտներից մեկը։ Որքան էլ դուք ադրբեջանական բանակի կազմում փաստացի մասնակցում եք Արցախի դեմ ագրեսիային, Արցախի ժողովուրդը խոր ցավ է ապրում ձեր շարքերում ամեն մի զոհի ու վիրավորի համար, քանի որ ձեզանով ավարտվում է այս տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող կարեւորագույն ժողովրդագրական ու պատմամշակույթային շերտը։

Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար կոչ ենք անում Ադրբեջանի բնիկ ժողովրդներին` լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին եւ քրդերին, ովքեր ուծացման եզրին են.

1․ Բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց եւ Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Արցախի դեմ ագրեսիային մասնակցել չցանկացող եւ Ադրբեջանը լքած անձանց այլ երկրներում հայկական սփյուռքի համապատասխան կառույցների կողմից կցուցաբերվի համապատասխան օժանբակություն։

2․ Առաջնագծում հայտնվելու դեպքում փորձեք ամեն կերպ խուսափել ակտիվ ռազմական գործողություններին մասնակցելուց, իսկ հնարավորության դեպքում փորձեք հանձնվել Արցախի զինված ուժերի ներկայացուցիչներին։

Հանձնվել ցանկացողները պետք է սահմանագիծն անցելու ժամանակ ցուցադրեն իրենց անզեն լինելը՝ գլխավերեւում (նշմարելի կերպով) պարզելով սպիտակ դրոշ կամ սպիտակ հագուստի կտոր։ Հանձնվելուց անմիջապես հետո, նշելով Ադրբեջանի բնիկ ժողովրդին իր պատկանելիության մասին, տվյալ անձը կդիտարկվի ոչ թե շարքային ռազմագերի, այլ հյուր, եւ կընդունվի այս տարածաշրջանում հազարամյակներ գործող բնիկ ժողովուրդների շրջանում ընդունված հյուրընկալության կանոններին համապատասխան։

Ըստ իրենց ցանկության՝ այդ անձինք կորոշեն՝ մնալ Արցախում, թե մեկնել այլ երկիր։ Արցախից մեկնել ցանկացողներին կտրվի համապատասխան օժանդակություն, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթեր՝ անվտանգ կերպով երրորդ երկիր անցնելու եւ այնտեղ հաստատվելու համար։

Արցախի Հանրապետությունը, ի վկայություն Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ բարեկամության եւ ոչ թշնամական վերաբերմունքի, պատրաստ է առանց որեւէ նախապայմանի հանձնել մեր դեմ իրականացրած ագրեսիայի հետեւանքով զոհված եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության գոտում գտնվող Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող զինվորների դիակները։ Այդ գործընթացի կազմակերպման համար զոհված զինծառայողների բարեկամները կարող են դիմել Արցախի Հանրապետության համապատասխան ծառայությանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների, օգտագործել իրենց ամբողջ հեղինակությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և մասսայական արյունահեղությունը կանխելու համար:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վճռականորեն դատապարտում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից մեր Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի ակտը:

Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, որի ընթացքում թիրախավորվել է այդ թվում նաև Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությունը, դաժան հանցագործություն է, որի համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ենթակա է միջազգային քրեական պատասխանատվության:

Ադրբեջանի ռազմական ագրեսիան համարում ենք Արցախի Հանրապետության բնակչության դեմ մասսայական և կանոնավոր հարձակումների շղթայի հերթական օղակը, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ամբողջ ընթացքում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, ինչը միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի չդադարող խախտումների պայմաններում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների համար միջազգային հանրության համարժեք և ադեկվատ պատասխան կդառնա Արցախի փաստացի անկախության ճանաչումը, ինչը թույլ կտա երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Միջազգային գործընթացներում Արցախի Հանրապետության ինտեգրման, Հանրապետության իշխանությունների հետ ուղիղ երկխոսության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ակտիվացման միջոցով միջազգային հանրությունը կցուցադրի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Ադրբեջանի ագրեսիվ, անօրինական և հանցավոր գործողությունների անընդունելիությունը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն արցախցիների ազատության և անկախության իրավունքների, օգտագործել իրենց ամբողջ հեղինակությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և մասսայական արյունահեղությունը կանխելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •