Սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև: Իրանի նախագահին Հայաստանի վարչապետը ներկայացրել է արցախյան գոտում Բաքվի սանձազերծված պատերազմի մանրամասներ, այդ թվում՝ Թուրքիայի հրահրող դերի և ներգրավվածության վերաբերյալ:

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի հյուսիսային սահմանին ստեղծված լարված իրավիճակով: Այն, որ Իրանն ունի մտահոգության տեղ, ընդ որում՝ գործուն, ակնառու են դարձնում փաստերը՝ Իրանի տարածքում են ընկել Ադրբեջանի արձակած որոշ հրթիռներ, իսկ իրանական ուժերը խոցել են նաև անօդաչու թռչող սարք, որը, ամենայն հավանականությամբ, եղել է ադրբեջանական պատկանելության: Իրանի գլխավոր մտահոգությունը, սակայն, Ադրբեջանում Թուրքիայի ամրացումն է, որն, ըստ էության, օղակի մեջ է վերցնելու Թեհրանին, եթե հաշվի առնենք մերձավորարևելյան իրավիճակն ու թուրքական ագրեսիվությունը այնտեղ: Այդպիսով, եթե դիտարկենք նաև Պակիստանի գործոնը, ապա Ադրբեջանում թուրքական գերիշխանությունը, որը պատերազմի նպատակներից մեկն է նաև, ըստ էության նշանակելու է թուրքական օղակ Իրանի համար: Հայաստանն այդ իմաստով այդ օղակը թույլ չտվող կամ ճեղքող հանգամանքն է, ինչը Իրանի համար ունի կենսական նշանակություն:

Միաժամանակ հատկանշական է, որ վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցին զուգահեռ, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել արաբական երկրների ղեկավարներին, ընդ որում նաև Սաուդյան Արաբիայի, որը Ադրբեջանի պատճառով չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն, բայց միաժամանակ խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Արմեն Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ: Նկատենք, որ Կատարը խնդիրներ ուներ արաբական աշխարհի հետ, քանի որ Իրանի հետ նրա լավ հարաբերությունը հարուցել էր արաբական մյուս երկրների դժգոհությունը: Այդպիսով, Հայաստանի համար սեպտեմբերի 30-ը սանձազերծված պատերազմի դիմագրավման դիվանագիտական քաղաքական ճակատում նոր ուղղության օր էր՝ մերձավորարևելյան ուղղություն՝ Իրան և արաբական աշխարհ: Առաջին հայացքից այստեղ ինքնին բարդ փոխադարձ հարաբերությունների դաշտ է, սակայն դրանով հանդերձ, Հայաստանը Արցախում Թուրքիայի հեռահար նպատակով սանձազերծած պատերազմը կարող է դիտարկել այդ փոխադարձ հակասություններ ունեցող երկրների հետ ընդհանուր եզրեր գտնելու հնարավորություն, որովհետև թե՛ Իրանի, թե՛ արաբական աշխարհում նրա գործընկեր կամ նրա հետ հակասություն ունեցող արաբական երկրների համար կա ընդհանուր մարտահրավեր՝ թուրքական ագրեսիա, որը Կովկասում հաջողությունից հետո նոր թափով է ծավալվելու մերձավորարևելյան ուղղությամբ: Կովկասում թուրքական հաջողության ճանապարհին ամուր կանգնած է Հայաստանը, որի ամրությանն օժանդակելը կարող է լինել ընդհանուր շահ Իրանի և արաբական աշխարհի համար՝ չնայած ներքին հակասություններին:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •