Սեպտմբերի 27-ի Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ընդհանուր առմամբ, կարող ենք օպերատիվ իրավիճակն այս պահի դրությամբ գնահատել հանգիստ, հարաբերական հանգիստ, իհարկե, որովհետև պատերազմը շարունակվում է»,- ասաց նա։

Պողոսյանը նշեց, որ մի քանի կարևոր տեղեկություններ  է ուզում հաղորդել, որոնք փոխանցել է մեր հետախուզությունը։

«Պարզվում է՝ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Միայն մեկ ուղղությամբ ազգությամբ այլազգի 148 զինվոր է զոհվել։ Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը, ըստ մեր հետախուզության տվյալների, լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ։ Եվ առաջիկայում հավանաբար մենք ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային»,- ասաց նա։

Այս փաստերը մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններն օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորեու համար։

«Եվս մեկ հայտարարություն եմ ուզում անել, որը ռազմական հանցագործություն կարելի է համարել։ Ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմ  է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցրած վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,- հայտարարեց Վահրամ Պողոսյանը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •