Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակելու, ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, որ Թուրքիայի նպատակը հայ ժողովրդին վերացնելու գնով դեպի հյուսիս-արևելք, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելն է:

Ըստ այդմ՝ վարչապետ Փաշինյանը եզրակացնում է, որ հայ ժողովուրդը կռվում է ոչ միայն իր, այլ միջազգային անվտանգության համար, ըստ այդմ՝ իրականացնելով պատմական նոր առաքելություն: Այդպիսով, Հայաստանի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի դեմ դուրս եկած Հայաստանի Հանրապետության վարչապետը բարձրաձայնում է գերխնդիրը աշխարհաքաղաքական իմաստով: Խոշոր հաշվով, բարձրաձայնվում է այն դերը, որ հայ ժողովուրդը կատարել է անցնող դարում գործնականում միշտ, և առավել ուղիղ իմաստով, վերջին 30 տարիներին՝ որպես անկախ պետականություն:

Այլ կերպ ասած, այստեղ չկա Արցախի հարց, այստեղ կա հայկական պետականության հարց, և որքան ամուր ու ընդգրկուն է այդ պետականությունը՝ բառի բուն, պատկերավոր, բովանդակային, տարածական իմաստով, այնքան առավել ամուր է միջազգային անվտանգության համակարգը՝ առնվազն քանի դեռ կա Թուրքիա պետությունն իր ներկայիս տեսքով ու գաղափարախոսությամբ, իր ղեկավարության ներկայիս ռազմավարական հայեցակարգով և պատկերացումներով:

Հայաստանն այդպիսով ձևակերպում է նոր մարտահրավեր՝ ցեղասպանություն, ոչ թե պարզապես անվտանգություն, ոչ թե բանակցություն և կարգավորման տարբերակներ, այլ ցեղասպանություն, և դրան դիմագրավելու հայ ժողովրդի հավաքական անհրաժեշտություն, առաքելություն՝ միջազգային անվտանգության համակարգի տրամաբանության ներքո: Այլ կերպ ասած, Հայաստանը պատերազմի մարտահրավերը հետ մղելուն զուգահեռ ձևավորում է իր աշխարհակարգային դիրքը և փիլիսոփայությունը, ըստ այդմ՝ դրա հետ հարաբերվելու աշխարհաքաղաքական միջավայրը ուժային կենտրոնների հետ մարտավարական և ռազմավարական աշխատանքի համատեքստում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •