nato jens Stoltengerg

Վրաստանը պատրաստ է իր տարածքում կազմակերպել հայ-ադրբեջանական բանակցություն ռեգիոնալ լարումը թուլացնելու և պատերազմը դադարեցնելու համար, Բրյուսելում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Նա հայտարարել է, որ Վրաստանը խիստ մտահոգված է առկա իրավիճակով և խիստ շահագրգռված լարվածության շուտափույթ թուլացմամբ: Վրաստանի շահագրգռությունը հասկանալի է միանգամայն: Բանն այն չէ, որ ռեգիոնալ կոնֆլիկտ և ապակայունացումը ստեղծում է անկանխատեսելի միջավայր լայն իմաստով, որը անհարմարավետություն է ցանկացած, անգամ ռեգիոնալ տերություն պետության համար, ուր մնաց՝ պետություն, որը ուժային կենտրոնի կարգավիճակի չէ: Վրաստանն ունի ավելի կոնկրետ ու առարկայական խնդիրներ, երբ ռեգիոնալ պատերազմի դեպքում կարող են ուժգնանալ ռիսկեր թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանի կողմից՝ որը նույն թուրքական ռիսկն է, թե՛ Ռուսաստանից: Ընդ որում` դրանք ռիսկեր են, որոնք չեն կրի լոկ սահմանային բնույթ, այլ նաև ներքին՝ հիբրիդային: Ռեգիոնալ ապակայունությունը արդեն ավելի մեծ խնդիր է Վրաստանի, քան նույնիսկ Հայաստանի համար՝ մի շարք պատճառներով, իհարկե համեմատության պայմանականությամբ հանդերձ:

Ահա այդ տեսանկյունից Վրաստանի վարչապետի հայտարարությունները, անշուշտ, բավականին էական են, առավել ևս երբ դրանք հնչում են Բրյուսելում: Բայց Բրյուսել նրա այցի ընթացքում նախօրեին հնչել է թերևս առավել կարևոր մի հայտարարություն, որն, իհարկե, հասկանալիորեն դուրս է մնացել հայաստանյան հանրության ուշադրությունից, որն ամբողջությամբ կլանված է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դիմագրավմանն ու դրա շուրջ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության հանդեպ ուշադրությամբ: Բայց Բրյուսելում հնչած այդ հայտարարությունը անուղղակի, սակայն էական իմաստով վերաբերում է նաև հենց այդ խնդիրներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Գեորգի Գախարիայի հետ համատեղ ասուլիսում Վրաստանին հորդորել է արագացնել ՆԱՏՕ անդամակցության պարտավորությունների կատարումը: Նա հայտարարել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է սևծովյան ռեգիոնում ներկայությունն ուժեղացնելու համար: Այդ հայտարարությունն, անշուշտ, միտված է նախընտրական շրջանում գտնվող Վրաստանի կառավարող ուժին աջակցելուն, սակայն պարունակում է նաև ռեգիոնալ հատկանշական շերտեր, որոնք ասոցացվում են նաև սանձազերծած թուրք-ադրբեջանական պատերազմին:

Թուրքիան ՆԱՏՕ անդամ է և սևծովյան ռեգիոնում անդամ, որը, թերևս, բավական է ՆԱՏՕ-ի ուժեղ զգալու համար և այդ իմաստով Վրաստանի կարիք չունենալու համար: Սակայն շեշտադրումը, որ Վրաստանը կարևոր է, թուրք-ադրբեջանական ռեգիոնալ արկածախնդրության՝ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի պայմաններում ստանում է երկու նշանակալի իմաստ: Նախ՝ ՆԱՏՕ-ն այդպիսով ընդգծում է, որ Թուրքիան, շարունակելով, իհարկե, դե յուրե լինել դաշինքի անդամ, դե ֆակտո բոլորովին կապ չունի ՆԱՏՕ ռեգիոնալ ռազմավարության հետ և, ըստ այդմ, պետք չէ թուրքական հրահրումները ասոցացնել ՆԱՏՕ-ի հետ՝ իսկ այդպիսի փորձեր հնչում էին Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներից: Մյուս կողմից, իհարկե, այդ դեպքում ՆԱՏՕ-ն թերևս պետք է առավել առարկայորեն առանձնանա Թուրքիայի ռեգիոնալ գործողություններից և քայլեր ձեռնարկի դրանց դեմ: Մյուս իմաստը կամ նշանակությունը այն է, որ ՆԱՏՕ-ն իր հայտարարությամբ փորձում է հաղորդագրություն հղել, որ կոնֆլիկտի ռեգիոնալ բնույթ ստանալու պարագայում, այլ կերպ ասած՝ Հայաստանի տարածք տեղափոխվելու պարագայում, ՆԱՏՕ-ն շատ արագորեն կծավալվի Վրաստանում՝ օգտագործելով արդեն իսկ եղած իրավա-պայմանագրային բազան, որը, իհարկե, թույլ կտա իրականացնել այդ ծավալումը: Հայաստանի համար դա, իհարկե, ունի էական նշանակություն, քանի որ Վրաստանն այդ իմաստով թիկունք է, որի ռազմավարական ամրությունն ապահովելով, ՆԱՏՕ-ն փաստացի նպաստում է ուժերի բալանսի այնպիսի հեռանկարի, որը այսօր զսպող դեր և նշանակություն է ունենալու Թուրքիայի համար:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •