Արցախում ծավալվող պատերազմական գործողություններին զուգահեռ՝ գործողություններ են տեղի ունենում դիվանագիտական ճակատում: Ի տարբերություն ռազմադաշտի, այստեղ բոլոր գործիքները չէ, որ տեսանելի են:

Հաշվի առնելով Թուրքիայի գործուն ռազմական ու քաղաքական մասնակցությունը՝ առանձնակի ուշադրություն են գրավում մի շարք իրադարձություններ, որոնք ուղղակի և անուղղակի վերաբերում են այդ երկրին և նրա փոխհարաբերություններինիր մի շարք ոչ անմիջական հարևանների հետ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է արաբական  աշխարհին, որոնց հետ Թուրքիան ունի առնվազն էթնիկ կամ կրոնական ընդհանրություններ, ոմանց հետ՝ գուցե նաև ընդհանուր շահեր: Սակայն դա այլ հոդվածի թեմա է:

Օրերս հաղորդվեց, որ Սաուդյան Արաբիան էմբարգո է դրել թուրքական ապրանքների վրա: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որ նրանք առեւտուր չանեն Թուրքիայի եւ նրա ձեռնարկությունների հետ: Հիշեցնենք, որ սա այն նույն Սաուդյան Արաբիան է, որը, ինչպես Պակիստանը, էլ չենք ասում՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ղարաբաղյան հակամարտության պատճառով դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ: Սա իսլամի հայրենիք Սաուդյան Արաբիան է, որի սրբազան Մեքքա և Մադինա քաղաքները ամեն տարի ընդունում են  մուսուլմանական աշխարհի միլիոնավոր ուխտագնացների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանից:

Վերջին տարիներին որաշակի լարվածություն է նկատվում  Ռիադ-Անկարա լարված հարաբերություններում: Բայց արդյո՞ք միայն դա է պատճառը, որ Սաուդյան Արաբիան բոյկոտում է թուրքական ապրանքները, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար Մոհհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդը շնորհավորական ուղերձներ են հղում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ:

Հանուն ճշմարտության, պետք է նշել, որ  Արմեն Սարգսյանն էլ իր հերթին Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի թագավորին: Սակայն սա, ինչպես ասում են, հայ-սաուդական հնարավոր մերձեցման գործընթացի երևացող կողմն է: Իսկ էականը կարծես թե հենց չեևացողն է, և ամեն ինչ կարծես թե հանգում է անձնական հարաբերություններին:

Մամուլում գրվել է, որ Հայաստանի նախագահն անձնական ջերմ հարաբերություններ ունի Կատարի էմիրի հետ: Հայաստանի նախագահին անձնական հարաբերություններ են կապում նաև Արաբական Միացյալ էմիրությունների ղեկավարության հետ: Եւ, ըստ օդում կախված լուրերի, նույնպիսի հարաբերություններ են ձևավորվում նաև Արմեն Սարգսյանի և Սաուդյան Արաբիայի թագավորի միջև, ինչը ևս որոշակի ազդեցություն է ունեցել Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու վրա:

Սակայն այս պահին մեզ համար էականը ոչ այնքան այդ պատժամիջոցներն են, որքան Ադրբեջանի հրահրած և նրա ավագ կաթնեղբայր Թուրքիայի կողմից ամեն կերպ աջակցվող պատերազմի կանգնեցումը Արցախում: Եւ շատ կարևոր է, թե այս պարագայում ինչ դեր կարող են խաղալ անձնական հարաբերությունները: Ամեն դեպքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին: Մտահոգություն հայտնելով այս օրերին Թուրքիայի ղեկավարության հռետորաբանության առնչությամբ, ընդգծելով, որ թուրքական կողմը փորձում է հակամարտությունն օգտագործել սեփական շահերն առաջ տանելու նպատակով, նախագահ Սարգսյանը նրան խնդրել է օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը՝ անմիջապես դադարեցնելու արյունահեղությունը, կանխելու մարդկային կորուստները, ենթակառուցվածքների ոչնչացումը և անչափելի մարդկային տառապանքները: Նշենք, որ նմանատիպ նամակներ Հայաստանի նախագահը հղել է նաև արաբական աշխարհի մի շարք այլ ազդեցիկ ղեկավարների, այդ թվում՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄԷ-ի, Օմանի,Քուվեյթի, Բահրեյնի:

Կարծես թե ուրվագծվում է, որ հանրապետության նախագահն իր վրա է վերցրել արաբական աշխարհի, մեծ հաշվով՝ նաև իսլամական աշխարհի, իսկ ավելի լայն վերցրած՝ Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգելու՝ կարգավորելու խնդիրը: Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի հակահայկական կարծր դիրքորոշում ունի Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, որի անդամ են նաև հիշյալ երկրները, ավելի է կարևորվում այն արդյունքը, որը հնարավոր է ակնկալել նրա առանձին  ազդեցիկ անդամների հետ հարաբերությունները սերտացնելուց: Եւ չի բացառվում, որ մի օր էլ փոփոխություններ արձանագրվեն Պակիստանի դիրքորոշման մեջ, որը եզրափակում է  Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավորած թունդ հակահայկական եռյակը:

Հ.Գ. «Մենք Թուրքիայի նման չենք դիմում միայն նրանց, ովքեր էթնիկապես կամ կրոնապես մոտ են մեզ: Մենք ապրում են գլոբալ միջավայրում եւ պետք է հարգենք միմյանց կրոնը, էթնիկ պատկանելությունը: Մենք դիմել ենք բոլորին՝ սկսած ՄԱԿ-ից, մեր բարեկամներին արաբական, իսլամական աշխարհից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից եւ ԱՄՆ-ից: Դիմել ենք՝ ասելով, որ նրանք պետք է միջազգային ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ հենց ա՛յդ երկիրն է սկսել այս արյունահեղությունը»,- «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը…

Իսկ արաբական ասացվածքն ասում է Նա, ով փնտրում է անթերի ընկեր, մենակ կմնա»…

Ասատուր Գևորգյան

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •