«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով: Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ», ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Վերջին օրերին համաշխարհային առաջատար ԶԼՄ-ներում փաստական ապացույցներ են հրապարակվում Ադրբեջանում Սիրիայից ու Լիբիայից վարձկանների ու ահաբեկիչների ներկայության մասին, որոնք մասնակցում են հայերի դեմ հարձակումներին: Ընդ որում, պետությունների ղեկավարների ու պետական կառույցների մակարդակով նույնպես արձանագրվել է այդ փաստը, նշելով Թուրքիայի հանգամանքը:

ՌԴ ԱԳՆ-ն շահագրգիռ պետությունների ղեկավարներին կոչ է անում «գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»: Որո՞նք են այդ շահագրգիռ պետությունները: Բնականաբար, բոլորս հասկանում ենք, որ դրանք Թուրքիան ու Ադրբեջանն են, սակայն այս հարցադրումը միայն առաջին հայացքից է թվում անտեղի: Բանն այն է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները զարգանում են յուրօրինակ սխեմաներով, որոնցում սովորաբար «թելադրողը» Թուրքիան է, իսկ Ռուսաստանը փորձում է հարմարվել իրավիճակին եւ չնեղացնել նրան: Դա հատկապես դրսեւորվեց Սիրիայում, եւ զուր չէ, որ Անկարան Մոսկվային ներկայում առաջարկում է Արցախում կիրառել համագործակցության «սիրիական մոդելը»:

Հիշարժան է թուրքական օդուժի կողմից ռուսական օդանավի խոցման եւ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հանդեպ Մոսկվայի պահվածքը: Մոսկվան նախ բուռն արձագանքեց, սակայն շատ արագ սկսեց արդարացնել Թուրքիային, այդ իրադարձությունները վերագրելով «երրորդ ուժերին»:

Հենց այս հանգամանքներից ելնելով, Արցախում ներկայիս վճռորոշ զարգացումների համատեքստում այդ հարցադրումը խիստ կարեւոր է դառնում՝ ո՞ւմ նկատի ունի Մոսկվան շահագրգիռ պետություններ ասելով: Եթե նա տալիս է Թուրքիայի ու Ադրբեջանի անունը, իրավիճակը դառնում է անշրջելի, հակառակ պարագայում չի բացառվում, որ Մոսկվայից հետագայում ասեն՝ Թուրքիան մեղավոր չէր, մենք նկատի ունեինք «երրորդ երկրներին»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •