Pnakalezner

«Մին պրոբլեմա կա,- պատերազմի լուրը նոր առած՝ ասաց արցախցի Արմենը,- տհանք մին խիլլա զենք ըն ինքյ կալյալյ, մեր պահեստնին կուճիր են, ըդքանը հունցը՞նք նի տալու» («Մի խնդիր կա․ նրանք բավական շատ զենք են գնել, մեր պահեստները փոքր են, այդքանն ինչպե՞ս ենք տեղավորելու»):

Պատերազմի ցավն ու արհավիրքը քաջաբար կրելու նշաններից մեկն էլ կատակելու ունակությունն է, իսկ կատակների պակաս վերջին օրերին բնավ չի զգացվում․ և դա նաև աներկբա հաղթանակի շունչն է։

Առավոտյան 7:10 հրետակոծության պայթյուններից վեր թռած ու անմիջապես նկուղներում ապաստան գտած ստեփանակերտցիները պատմում են՝ ինչպես են փորձել տանից իջեցնել կենցաղային անհրաժեշտության նվազագույն պարագաներ, և պատմությանը սահուն ներհյուսվում է հայ կանանց ավանդական մաքրամոլությունը. «Նկուղից բարձրանում ենք, հասնում մինչև երկրորդ հարկ, հրետանու դմփդմփոցը նորից սկսվում ա, ցած ենք վազում, մի քիչ սպասում ենք, էլի քիչ-քիչ սկսում բարձրանալ, տագնապի ազդանշանն ա միանում: Ու էդ դրության մեջ մի կերպ տուն ենք հասնում, որ ծածկոց ու հաց վերցնենք, վազ տանք նկուղ, մաման լվացքն ա միացնում: Մի քիչ հետո նկուղում մեկ էլ վեր ա կենում, թե՝ գնամ լվացքս փռեմ: Այ, մամ, ուր ես գնում, խփում են. թե բա՝ լվացի մեջ գույն տվող շոր կա, հո էդպես չի՞ մնալու…»: Պատմում են ու ծիծաղում՝ դա դեռ ինչ, հարևանուհին էլ հայտարարել էր, թե՝ հատակս մնաց անմաքրել, գնամ լվանամ, գամ. ու գնացել էր…

Երևանից Արցախի դիրքեր ուղարկվող կոնֆետների վրա ուսանողուհիները գրել էին. «Ես դեռ ամուսնացած չեմ», «Հետ կգաք, որ տանը չմնանք» և նման խոստումնալից հրահանգներ՝ նշելով սպասվող հանդիպման վայրը:

«Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խմբում պատմում են, որ Արցախից եկած պստոն համայնքում տեղավորվելուց հետո ասել է. «Հա, լյավ շենա, բայց ստի է՞լ դժոխք կա՞»… Տխուր բաներ մտածելու կարիք չկա. արցախցիկը դպրոցն է նկատի ունեցել:

Իրանը տեղեկացել է, որ հայերի զգետնած ադրբեջանական ուղղաթիռն ընկել է իր տարածքում: Ֆեսբուքյան օգտատեր Արսեն Վարդանյանի տեղեկություններով՝ «Իրանը խնդրել է աղբը թափել աղբամանը»:

Մեդիագրագիտության ու անվտանգության պարզագույն կանոնների մասին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ հիշեցնում է սարկազմով. «Հիշու՞մ եք, մանկական պատմություններ կային. սեւ դաշնամուր, սեւ ձեռք, կարմիր պեչենի։ Հիմա ինչ-որ սեւ Լադա ա հայտնվել։ Մեջում մի սեւ ձյաձյա զինվորների համար ուտելիք ա հավաքում, հետո մեջը թույն ա ներարկելու, տանի դիրքեր։ Ժող ջան, լա՞վ եք։ Էս ինչեր եք տարածում, էս ինՉերի եք հավատում։ Էլ չասեմ, որ կոնկրետ թշնամու վրա եք աշխատում էս էշությունը տարածելով ու խուճապ սերմանելով։ Սեւ հոգնան ու՞ր ա, սեւ հոգնան»:

Սակայն առանձնահատուկ ոգեշնչող են պաշտպանության նախարարության նեկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունները. «Վայ քու, չէ լուրջ տղեք, հավեսի ե՞ք ընկել։ Ջանդակները ջոկ-ջոկ դրեք։ ԱԹՍ-ն առանձին, ուղղաթիռն առանձին, ինքնաթիռն առանձին»,- գրել է նա՝ քիչ հետո ընդգծելով. «Ադրբեջանական միջոցների զգետնելը հին հայկական ազգային ավանդույթ է։ Շուտով մանրամասները»:

Մանրամասները չեն ուշացել. «2 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 6 ԱԹՍ մի կեսօրում»,- գրած-չգրած՝ 2 ինքնաթիռը դարձել է 3։

«Ախպերներ, կամաց խփեք, հասցնեմ հաշվեմ»,- կոչով զինվորներին է դիմել խոսնակը. և դա նաև մեդիաաշխատակիցների սրտով էր: Լրագրող Ռոբերտ Մուրադյանը նշել է, որ ադրբեջանական կորուստները գրող ու տարածող լրագրողներն էլ չեն հասցնում. «Քիչ խփեք, կախում ա»,- ասել էր ու դիմել խոսնակին՝ «10 հատը մեկ ստատուս գրի, արդեն չենք հասցնում»:

Այսօր եղանակի տեսությունը լիովին համապատասխան էր իրականությանը. «Արցախում սպասվում են տեղումներ Կասպից ծովից ներթափանցող ԱԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների տեսքով»,- նշել էր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, ու դա իրոք այդպես էր:

Եվ այսօր եղանակն, ասում են, բարենպաստ է նաև նոր գործարար նախաձեռնությունների համար. «Շեֆ ջան, կարա՞մ Բաքվում Սիթի բացեմ»,- ֆեյսբուքյան օգտատետերի էջերում բիզնես-ծրագրի իրականացման առաջին քայլերն է «արել» հայտնի ձեռնարկատերը:

Վերջում հիշեցնենք, որ միանշանակ հաղթելու ենք, ուղղակի հակառակորդը դեռ լավ չի պատկերացնում, թե ամեն ինչ որքան ակնհայտ է. «Դրանք չգիտեն, որ մենք առանց երկար-բարակ մտածելու՝ գազի տռուբի վրա խաչ սվառկա անող ազգ ենք»,- նշել է Արփինե Առուշանյանը՝ հրաշալի մեկտեղելով գազի ու խաչի խորհրդանիշները:

Եվ հաղթանակի մի ապացույց էլ գյումրեցիների կողմից. «Կսե. չի կարելի հաղթել մի ժողովրդի, որի էլեկտրիկները հոսանքը ձեռքով են ստուգում»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •