siria

«Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը». Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու մտադրության մասին հարցին՝ ՀՀ գերագույն հրամանատարը ընդգծել է՝ «Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»:

Ինչո՞ւ է Հայաստանը ըստ էության հրաժարվում այս փուլում ՀԱՊԿ-ին դիմելուց, ինչո՞ւ է ձգտում ստեղծված իրավիճակը սեփական բանակի ուժերով լուծել: Այս կապակցությամբ իր մեկնաբանությունն է ներկայացրել քաղաքագետ, պատմաբան Սարո Սարոյանը:

«Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել բավական մեծ գաղափարական փոփոխություն եւ մեր քաղաքական վերնախավը պատրաստ է բոլորովին այլ կերպ տեսնելու Հայաստանի զարգացումը: Այլեւս արդիական չէ այն թեզը, թե Հայաստանը այնպիսի անօգնական կազմավորում է, որ դրան միանգամից կարող են կլանել շրջապատող թշնամիները, եւ մեր փրկությունը կարող է ապահովել արտաքին որեւէ ուժ, այդ թվում Ռուսաստանը»,- ասաց քաղաքագետը:

Նրա համոզմամբ՝ այդ թեզերը տարիներ շարունակ որպես գործիք օգտագործվել են մեր դեմ՝ ստիպելու համար անել այնպիսի քայլեր, որոնք դեմ են մեր ինքիշխանությանը, մեր շահերին:

«Ընթացող լայնածավալ պատերազմն էլ ցույց է տալիս, որ մենք կայացած բանակ ունենք եւ քաղաքական միտքն էլ հասունացել է այնքան, որ հնարավոր է առանց այդ թեզերին տրվելու պաշտպանել մեր հայրենիքը: Հիմա արդեն կա այդ գիտակցումը եւ այդ գիտակցության արտահայտությունն է այն հայտարարությունը, որ մենք այսօր լսեցինք (վարչապետից): Հիմա խնդիր կա բոլորովին այլ տեսանկյունից հարաբերություններ կառուցել ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ: Դրանք պետք է լինեն իրավահավասար հարաբերություններ»,- շեշտեց քաղաքագետը:

Հարցին՝ ՀԱՊԿ-ին դիմելու հետեւանքով ի՞նչ խնդիր էր ունենալու մեր ինքնիշխանությունը, Սարո Սարոյանը պատասխանեց.

«Հարցը այստեղ խնդրելու մեջ է: Եթե կողմերը իսկապես գտնում են, որ իրենք պետք է դաշնակիցներ լինեն, ուրեմն պետք է պահպանվի իրավահավասարությունը, այն ինչ նախկինում չի եղել: Եթե Ռուսաստանը գտնում է, որ Հայաստանը պետք է լինի իր դաշնակիցը, ուրեմն պարտավորությունները պետք է  փոխադարձ լինեն, խնդրելու մասին խոսք չպետք է լինի: Դաշնակցային պարտավորությունները կատարվում են՝ առանց խնդրանքի սպասելու: Այդ պարտավորությունները հիմա կատարվելո՞ւ են, թե՞ ոչ: Հիմա եթե հարցը այնպես է դրվում՝ բա խնդրեք, դրանք արդեն իրավահավասար հարաբերություններ չեն»:

Խնդրանքով դիմելը անհրաժեշտություն չէ՞ ՀԱՊԿ-ի գործելու համար: Մեր այս հարցին ի պատասխան քաղաքագետը հավելեց, որ զուտ ֆորմալ առումով դիմելու խնդիր կա, բայց ոչ խնդրելու: Հայաստանը կդիմի, երբ անհրաժեշտ համարի՝ ասաց նա: Իսկ առայժմ, Սարոյանի համոզմամբ, մեր բանակը իր առջեւ դրված խնդիրները կատարյալ է անում:

Հարցին, թե ինչումն է այդ կատարելության էությունը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախ պետք է պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում:

Ըստ նրա բռնապետական Ադրբեջանի ժողովուրդը, որին ամբողջ կյանքում Ալիեւը ներարկել է հայատյացություն ու ռազմատենչություն, շուտով ամբողջությամբ համոզվելու է, որ պարտվում է պատերազմում:

«Առանց հաղթական պատերազմի հնարավոր չի, որ Ալիեւը կարողանա իր իշխանությունը պահպանել: Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ ինքը շատ քիչ քաղաքական կյանք ունի եւ եթե չբավարարի հանրության սպասելիքները, որ հենց ինքն է գեներացրել, կապված հաղթանակ պատերազմի հետ, ինքը հետադարձ ճանապարհ չի ունենա: Ամեն ինչ կարող էր դրական դասավորվել, եթե այս պատերազմը դրական արդյունք տար: Բայց մենք տեսնում ենք, որ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն արդյունք չի տալիս, այլեւ ջարդվում է ամբողջ ռազմական մեքենան: Փաստ է արդեն, որ տալով հարյուրավոր զոհեր, իսկ մի քանի օրից դրանք կլինեն հազարավոր, քաղաքական լուրջ խնդիր է հասունանալու: Ադրբեջանական հանրությունը պատրաստ չի մարսելու այդքան զոհերի առկայությունը: Արդեն ակնհայտ է, որ մի քանի օրից այդ բանակը փլուզվելու է, փլուզվելու է ռազմաճակատի գծից զինվորների փախուստի տեսքով, քաղաքացիների զորակոչման գործընթացի պարալիզացման պատճառով, ռազմական առանձին միավորների չկռվելու պատճառով (քանի որ չկա տրամաբանություն, որ որեւէ մեկը կենդանի է մնալու)»,- հայտարարեց Սարոյանը:

Վստահեցնելով, որ բանակի փլուզումը անմիջապես բերելու է Ադրբեջանի փլուզմանը, պատմաբանը կարծում է, որ պետք է մտածել նաեւ այդ վակուումը լրացնելու մասին:

«Մենք պետք է կարողանանք այդ ամենը մեր շահերին ծառայեցնել: Մենք պետք է նախապատրաստվենք, որ առաջիկայում ալիեւյան կլան այլեւս չի լինելու, հարցականի տակ է նրա կյանքը, հարցականի տակ է Ադրբեջան պետությունը: Չի կարող հետեւանք չունենալ այն, ինչ տեղի է ունենում առաջնագծում. տոտալ տեխնիկայի եւ մարդկային ուժի ոչնչացում է գնում: Էդ բանակը գալիս է ռազմաճակատի գիծ եւ հետ չի վերադառնում: Առաջիկա մեկ շաբաթվա,10 օրվա մեջ այդ բանակը այլ ճանապարհ չունի, քան կազմալուծվելու»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •