Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին: Գրեթե միաժամանակ վերջինս ԱԺ ամբիոնից հայտնել է, որ կայացրել է Զոհրաբ Մնացականյանին ազատելու որոշում:

Մինչ այդ, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե մինչև հիմա պարտված քաղաքական թիմում չկան հրաժարականներ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կլինեն՝ աշխատանքը հանգամանալից վերլուծելուց հետո:

Արտգործնախարարի հրաժարականը փաստորեն առաջինն էր, սակայն այստեղ կա մի ուշադրության արժանի հանգամանք: Այդ հրաժարականը տեղի ունեցավ բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետի մի հայտարարության և դրան ի պատասխան ԱԳՆ խոսնակի գրառման ֆոնին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարեց, որ բանակցային գործընթացում մշտապես եղել է նաև Շուշիի հանձնման պահանջ: Ըստ նրա՝ պահանջը չի եղել միայն տարածքներ հանձնելը՝ 5+2, այլ նաև Շուշին հանձնելը: Ըստ նրա՝ այդ իմաստով 2016 թվականի պատերազմը եղել է այսպես ասած՝ ձգվող ռետինը կտրվելու կետը, անշրջելիության կետը: Շուշիի մասին հայտարարությունից հետո գրառում արեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, որում նշել էր, որ խաղաղ գործընթացում երբեք չի եղել Շուշին հանձնելու պահանջ: Ի՞նչ էր դա՝ վարչապետ-ԱԳՆ դիմակայության «պայթյո՞ւն», թե՞ չհասկացվածություն, պարզ չէ, սակայն հենց այդ իրավիճակին րոպեներ անց հաջորդեց ԱԳ նախարարի հրաժարականի տեղեկությունը:

Ընդ որում, դարձյալ որոշակիորեն հակադիր, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նրան ազատելու որոշման մասին, իսկ գրեթե զուգահեռ ԱԳՆ խոսնակը հրապարակեց իրեն աշխատանքից ազատելու նախարար Մնացականյանի դիմումը վարչապետին: Այստեղ էական է, թերևս, հարցը՝ այդ որոշակիորեն նկատելի հակադրությունը եղել է նոյեմբերի 9-ից հետո՞, թե՞ մինչև նոյեմբերի 9-ն էլ և, ըստ էության, մինչև պատերազմն էլ: Այստեղ ամենևին չենք փորձում գտնել որևէ ինտրիգ:

Հարցը կարևոր է շատ ավելի պրակտիկ իմաստով, հատկապես նկատի ունենալով հենց այն խնդիրը, որն իր օրակարգի գլխավոր հարց է համարում վարչապետ Փաշինյանը՝ երկրի կայունություն, պետության կառավարման կայունություն: Այդ խնդրից ելնելով է կարևոր հարցը, որ ծագում է վարչապետ-ԱԳՆ փոխհարաբերության դրվագի համատեքստում: Ինչպիսի՞ն է ներկայումս մյուս գերատեսչությունների հետ վարչապետի փոխհարաբերությունը, և ինչ սպասել այլ ուղղություններով:

Հարցը կարևոր է, որովհետև կառավարման կայունության ցուցիչ է: Այն որ պարտված պատերազմից հետո չեն կարող չլինել առանցքային պաշտոնանկություններ և հրաժարականներ, էլ չասած այն մասին, որ դա ընդհուպ կարող է վերաբերել հենց վարչապետին, կասկածից վեր է: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գործընթացը պետք է չլինի հախուռն և անկառավարելի, որովհետև դրանից էապես կախված է լինելու պետության կառավարումը, ինչը, անկախ պատերազմի արդյունքից, եղել է, կա ու լինելու է Հայաստանի և Արցախի գերխնդիրը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •