• Fri. Apr 23rd, 2021

Մեր անհետ կորած զինվորները մի քանի հարյուրի են հասնում․ Նիկոլ Փաշինյան

Byhttp://Mitk.am

Nov 16, 2020

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին արդյոք հայտնի է անհետ կորած զինծառայողների թիվը։ Նա նշել է, որ թիվը հայտնի է, սակայն որոշակի թիվ չի ասել՝ նշելով, որ այն հասնում է մի քանի հարյուրի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ որոշ քաղաքական ուժեր պնդում են, որ դեռ հնարավոր է Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթում փոփոխություններ անել ու հայանպաստ լուծումների հասնել։

«Ես չեմ ստացել այդպիսի առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն ինչպես ավելի լավը դարձնեն։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը, ցավոք սրտի, մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Ըստ էության հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, համենայնդեպս այսօր իրատեսական խնդիր չէ նման ձևակերպում անելու համար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, Փաշինյանը նշեց, որ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք և տեղիք ունենք։ «Եվ, իհարկե, այդ մեկնաբանությունների ընթացքում նաև բոլոր գաղափարները, բոլոր առաջարկները ի մի կբերվեն, և լավագույն առաջարկները կփորձենք կյանքի կոչել»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հարցին, թե ով է այն պաշտոնյան, ով պատասխանատու է տարածքային կորուստների, հազարավոր զոհերի ու գաղթականների համար։

«Որևէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվությունը։ Այստեղ տարընթերցում չկա։ Եվ ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնեմ, եթե սուր ձևակերպեմ, մեր ժողովրդի դատի առաջ։ Բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, ինքը պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին։ Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա՝ հենց նույն զինվորներին լսելը, հենց նույն ընդդիմությանը լսելը, կառավարությանը լսելը։ Բոլորին լսելը այս պրոցեսի շատ կարևոր և անբաժանելի մասն է։ Եվ ես կարևոր եմ համարում արձանագրելը, թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ տեղի է ունեցել հետևյալը, որ 2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը ԼՂ հարցի կարգավորման հատել էր չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ։ Եթե դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները, որտեղ արձանագրվում է, որ ԼՂ շուրջ բարդություններ են լինելու, որ ընդհուպ հողեր են հանձնվելու։ Այստեղ կա երեք տարբերակ՝ կամ այդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունը և անձամբ ես իրոք դավադիր են, որ հատուկ չարամիտ դավադրությամբ եկել են հասել իշխանության, որ Արցախի համար պրոբլեմներ ստեղծեն։ Եվ կա երրորդ տարբերակ՝ այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը և ինչ անխուսափելի պահանջներ և կոնսենսուս կա՝ դրված ՀՀ առաջ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ իր վարած քաղաքականությունը եղել է հետևյալը՝ փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փորձել փոխել տրամաբանությունը։ Եվ ըստ էության հիմա կարող ենք ասել, որ, ցավոք, դա չի հաջողվել։ «Մեզ դա չի հաջողվել, որովհետև ըստ էության նաև մենք կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ եղել է ըստ էության միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց որևէ նախապայմանի։  Եվ մեր ամբողջ քաղաքականությունը եղել է փորձ անել փոխել այդ տրամաբանությունը։ Եվ մենք, այո, չենք կարողացել փոխել այդ տրամաբանությունը։ Եվ գուցե այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել։ Բայց մյուս կողմից մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է համակերպվեի՞նք դրա հետ։ Ես չէի կարող դրա հետ համակերպվել և փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունը այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար»,- ասաց նա։

Փաշինանի խոսքով՝ մի կողմից իրենց մեղադրում են տարածքներ հանձնելու մեջ, մյուս կողմից մեղադրում են այն բանում, որ ավելի վաղ չեն ստորագրել թղթեր, որպեսզի այդ տարածքները հանձնվեն։ «Այսինքն՝ մեզ և մեղադրում են հանձնելու մեջ, և մեղադրում են չհանձնելու մեջ։ Մեր զինված ուժերը կռվել ու դիմադրել են այնքան ժամանակ, մինչև այդ դիմադրությունն ունեցել է կոնկրետ նպատակ, ռազմավարական և մարտավարական իմաստ։ Եվ մեզ մյուս կողմից էլի մեղադրում են հակադարձ բաների մեջ։ Մեզ մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, մեզ մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար, մեր 25-30 հազարանոց խմբավորման շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի։ Եվ այս ամենի պատասխանատավոթյունը, իհարկե, առաջին հերթին իմն է։ Բայց այդ պատասխանատավությունը կրելու համար ես հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար»,- նշեց նա։

Փաշինյանը հավելեց, որ մենք պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որն ունենք այսօրվա իրավիճակի շուրջ։ «Եվ պետք է սպասարկենք այդ օրակարգը, մասնավորապես, կենտրոնանալով ԼՂ կարգավիճակի հարցի վրա։ Ամենակարևոր խնդիրը, որ ԼՂ ժողովուրդը պետք է ապրի ԼՂ-ում, և կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ ու կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի համար»,- հավելեց նա։