ՌԴ նախագահ Պուտինի հարցազրույցը ռուսական պետական հեռուստատեսությանը բացահայտեց այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը եւ անձամբ նախագահ Պուտինը։

Ըստ ամենայնի, նրա բավական լարված կեցվածքը պայմանավորված էր երկու հանգամանքով՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պնդում են պարզաբանումներ թուրքերի հետ սեպարատ համաձայնության մասով, որը կարող է լուրջ խնդիր դառնալ Ռուսաստանի համար միջազգային լեգիտիմության տեսակետից, եւ երկրորդ՝ Հայաստանում Ռուսաստանի վարկի ու տրամադրությունների կապակցությամբ։

Պուտինն ակնհայտորեն խրամատավորվել էր եւ փորձում էր արդարանալ երկու կողմից։ Նախ, Թուրքիայի ներկայությունը Կովկասում նա պայմանավորեց «աշխարհքաղաքական աղետով»՝ ԽՍՀՄ փլուզմամբ, որը բնականաբար Արեւմուտքի մեղքն էր։ Նա մեղադրեց Մինսկի խմբին եւ ասաց, որ նրանք իզուր են նեղացել այդ սեպարատ համաձայնության կապակցությամբ։ Կրեմլը ռեւանշի հակաարեւմտյան իր քաղաքականությունը փորձում է կառուցել Թուրքիայի հետ համաձայնություններով, միաժամանակ փորձում էր թույլ չտալ թուրքերի մուտքը Ղարաբաղ։ Վերջին օրերին Լավրովի, Պեսկովի, Զախարովայի շփոթված պնդումներն ու պարզաբանումները, որ թուրք խաղաղապահներ չեն լինելու, որ լինելու է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոն, որ դա լինելու է ոչ թե Ղարաբաղի, այլ Ադրբեջանի բուն տարածքում (նույնիսկ այսպիսի տարանջատում), մատնում էին այդ շփոթը։ Պուտինը նույնիսկ հիշել էր հայերի ցեղասպանությունը եւ Սումգայիթի ոճիրը, հիշեց նաեւ այս հարցազրույցում, բայց թուրքերը լավ են բռնացրել ջիղը՝ նրանք հասան իրենց նպատակին։

Հայկական իրականության մասով Պուտինը խոսեց մի շատ էական խնդրի՝ Ղարաբաղի ճանաչման մասին, բերելով Ղրիմի, Օսիայի ու Աբխազիայի օրինակները։ Այս հանգամանքին կանդրադառնանք առանձին։ Մնացած մասով, որ վերաբերում էին պատերազմին, կարգավորման խնդիրներին, Շուշիին եւ այլն, Պուտինը միջամտեց Երեւանում այս օրերին ծավալվող ռազբորկաներին եւ հաստատեց Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքները, բացի դավաճանությունից։ Դավաճանությունը ծանր պատասխանատվություն կլիներ, քանի որ դեռ կարգին պարզ չեն Շուշիի եւ ռուս խաղաղապահների հարցով Ալիեւի ստորագրության հանգամանքները։ Բայց խնդիրն այն է, որ ցանկացած մեղադրանք կամա թե ակամա, բայց օբյեկտիվորեն ուղղվում է նաեւ Ռուսաստանին, ընդ որում՝ ոչ միայն ենթագիտակցական մակարդակում, եւ այս բարդ իրավիճակում Պուտինն անձամբ էր որոշել զբաղվել այս հարցերի պարզաբանմամբ, պատասխանատվությունը խնամքով տեղափոխելով այլ ուղղություններ։

Դեպի հարավ գեոպոլիտիկ ցատկը տրիումֆալ էր, սակայն այն ավելի է նեղացրել ֆրոնտը Ղարաբաղից թուրքերին բաժին հանվող տարածքների եւ այդպիսով դեպի հյուսիս թուրքերի առաջխաղացման առումով։ Այդպիսին է ռուսական քաղաքականության արդյունքը, եթե ոչինչ չփոխվի։ Դժվար ժամանակներ են սպասվում, բոլորի համար։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •