Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ճանապարհային քարտեզ, որտեղ նշում է առաջիկայում մոտ երկու տասնյակ կետով կարևոր անելիքները՝ կապված պատերազմի թե՛ մարդկային, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ բարոյահոգեբանական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի հետ, նաև բանակի ռեֆորմի, կառավարության կազմում փոփոխությունների:

Փաշինյանի հրապարակած ժամանակացույցը մինչև հունիս է, երբ նա խոստանում է հանրությանը ներկայացնել հաշվետվություն կատարվածի վերաբերյալ և որոշել հետագա անելիքները: Այդ հայտարարության տողատակում թերևս ակնարկն է, որ՝ արածը բավարար չլինելու համար կարող է լինել հրաժարական և նոր ընտրություն:

Ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությունից ժամանակ է ակնկալում մինչև 2021 թվականի հունիս: Կտա՞ հանրությունը նրան այդ ժամանակը: Ուշադրության է արժանի և այն, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ոչ թե արտահերթ ընտրության գնացող ճանապարհային քարտեզ, այլ, այսպես ասած, իրավիճակը շտկելու և փաստացի քաղաքական իշխանությունը պահելու: Նրա ճանապարհային քարտեզի հրապարակումը հատկանշական է երկու դիտարժան իրողության ֆոնին:

Նախ՝ Հայաստանի նախագահի ուղերձը՝ պետք է վարչապետի հրաժարական և անցումային արհեստավարժ կառավարության ձևավորում, հետո արտահերթ ընտրություն, որպեսզի Հայաստանը հաղթահարի ապակայունության վտանգն ու ամրանա հետագա խնդիրների համար: Եվ մյուսը՝ ՌԴ նախագահ Պուտինի նախօրեի հարցազրույցը, որում նա բավականին թափանցիկ ակնարկներ էր անում նաև Հայաստանի ներքին կյանքի առնչությամբ՝ ասելով իհարկե, որ դա Հայաստանի ներքին գործն է:

Մասնավորապես, Պուտինը նշում էր, որ պատերազմի վտանգի տակ գտնվող երկրում չի կարելի վարել հանրությանը բաժանելու քաղաքականություն, հատկապես իշխանության կազմակերպման իմաստով: Ինչ էր ակնարկում Պուտինը՝ պարզ չէ, սակայն բավականին հստակ էին նաև հայտարարություններ, որոնցով ՌԴ նախագահը ըստ էության ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը դնում էր թե՛ նոր իշխանության, թե՛ նախկին իշխանության-ներկայիս ընդդիմության վրա:

Ակնառու է, որ Ռուսաստանն այստեղ ունենալու է ներքաղաքական զարգացումների էական դեր, ըստ այդմ էական է դառնում նաև հարցը, թե Հայաստանի հանրությունից բացի, ինչպես է վերաբերվելու մինչև հունիս ժամանակ ստանալու Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Դա իր հերթին կախված է լինելու մի շարք բազմազան գործոններից: Հատկանշական է մի բան, որ Պուտինը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին «դավաճանության» համար մեղադրանքը անհիմն է, և դրա մասին խոսք լինել չի կարող: Դա գործնականում Փաշինյանին անվտանգության երաշխիքի առնվազն նախնական ուրվագծում էր:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •