Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ ԲՀԿ-ի օրակարգում: ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում այդ մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: 

Նա նշեց, որ վարչապետի հրաժարականին հասնելու համար շարունակելու են օգտագործել ինչպես խորհրդարանական հարթակը, այնպես էլ փողոցային պայքարի ձեւաչափը:

«Բացի փողոցային հանրահավաքային գործիքակազմից մենք օգտագործում ենք նաեւ խորհրդարանական գործիքակազմը: Ինչպես տեսնում եք՝ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդի նիստին չի մասնակցում եւ չենք կարողանում այդ օրակարգը բերել խորհրդարան, որն է՝ ռազմական դրության չեղարկում եւ վարչապետի հրաժարականի հարցը»,- ասաց Իսայանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր կրկին դիմելու են Ազգային ժողովին, նորից նույն օրակարգով նիստ հրավիրելու համար:

Անդրադառնալով հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներին՝ նույն խմբակցությունից Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Հանրահավաքներից կես ժամ առաջ, երկու ժամ առաջ մարդկանց Ազգային անվտանգության ծառայություն, Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում, այսինքն մարդը հանրահավաքներին ֆիզիկապես ներկա լինելու խնդիր է ունենում: Այնպես որ, այստեղ խնդիր չկա: Հենց որ հնարավորություն լինի՝ Գագիկ Ծառուկյանը ներկա է լինելու»,- վստահեցրեց Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, թե արեւմտյան որոշ ուժեր սադրում են հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին՝ վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, վերաբերում է նաեւ ԲՀԿ-ին:

«Վստահաբար դա ուղղված չէ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ վստահ եմ, որ ուղղված չէ նաեւ 17 կուսակցություններին: Ճիշտ հակառակը՝ դա ուղղված է այն ուժերին, որոնք այո՛, սպասարկել են արեւմտյան ուժերի շահը եւ դավաճանեցին հայկական շահը եւ ստորագրեցին այս կապիտուլյացիայի փաստաթուղթը: Վստահաբար խոսքը դրա մասին է: Եվ փորձել ինտրիգ մտցնել ԲՀԿ-ի եւ Ռուսաստանի Դաշնության մեր ռուս գործընկերների միջեւ, դա չի ստացվի: Երեկվայից ես զգում եմ, որոշ լրատվամիջոցներ փորձում են թեզեր տանել այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին կամ տիրապետելով՝ սպասարկել է որոշ արեւմտյան ուժերի եւ դավաճանել է հայի շահը»,- ասաց պատգամավոր Շաքե Իսայանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •