Մենք ամեն օր Արցախի պետնախարարից նամակներով խնդրանքներ ենք ստանում, որտեղ խնդրում են շատ կոնկրետ կարիքների բավարարման համար գնումներ կատարել։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն հաշվարկներ այս պահին՝ որքան գումար է հարկավոր Արցախի եւ արցախցիների կարիքները հոգալու համար, եւ հիմնադրամի հավաքած գումարը որքանո՞վ կփակի այդ ծախսերը։

«Ճիշտն ասած՝ այս պահին չեմ կարծում, թե ամբողջական հաշվարկներ կան։ Այնքան մեծ են այդ կարիքները…։ Մարդիկ տուն են կորցրել, այդ մարդկանց մեծ մասը հիմա Հայաստանում է, իրենց տները թողել գնացել են եւ ոչինչ չունեն։ Այս պահին այդ հաշվարկները կատարվում են Արցախի Կառավարության կողմից: Վստահ եմ՝ ՀՀ Կառավարությունն էլ կօգնի այդ հաշվարկների մեջ։ Բայց ընթացքում ես կարծում եմ՝ հիմնադրամը պետք է փակի այն բացերը, որոնք չի հասցնի փակել Արցախի Կառավարությունը։ Սա ֆորսմաժորային իրավիճակ է, եւ այս իրավիճակը շատ հրատապ որոշումներ կայացնելու խնդիր է առաջացնում»,- նշեց Արշամյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրամի կատարած գնումները հիմնականում եղել են շատ մեծաքանակ՝ դիզելային գեներատորներ, շտապօգնության մեքենաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության պարագաներ, կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, մարտկոցներ, լամպեր, մահճակալներ, վառարաններ, շարժական գազօջախներ։ Նաեւ շարժական լիցքավորման փոքր կայաններ են պատրաստել։ Հենց հիմա էլ Արցախի Կառավարությունից պատվեր ունեն նորից գեներատորներ գնելու։

Հայկակ Արշամյանն անդրադարձավ հիմնադրամի կողմից ՀՀ պետական բյուջե որոշակի գումար փոխանցելու վերաբերյալ հարցին։ Նա չնշեց, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը, սակայն ասաց. «Եկեք այս պահին գումարի մասին չխոսենք՝ մինչեւ հիմնադրամը ֆինանսական աուդիտ չանցնի»։

Արշամյանն ընդգծեց՝ դա նվիրաբերություն չէ։ Քանի որ այս դրամահավաքը տեղի է ունեցել Արցախի եւ Հայաստանի Կառավարությունների խնդրանքով, հիմնադրամը մտել է այդ պրոցեսի մեջ։ Այդ գումարները Կառավարությանը հատկացվել է հոկտեմբեր ամսվա ընթացքում, այսինքն՝ պատերազմի ամենաթեժ շրջանում։

«Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Քանի որ այնքան շատ էին պահանջները, թե ինչպիսի գնումներ պետք է անել, հիմնադրամն այդ հնարավորությունը չի ունեցել այդքան մեծ չափի գնումների գործընթացի մեջ մտնելու։ Մենք պատվիրակել ենք ՀՀ Կառավարությանը, օժանդակություն ենք տվել, համաձայնեցրել ենք բոլոր ծախսերը, որ պետք է կատարվեն այդ գումարների շրջանակներում, եւ այդ համաձայնությամբ է եղել այս գործընթացը»,- նշեց նա։

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ քանի որ հիմնադրամը չէր կարող իքս գումարով մեկ աղբյուրից այդքան մեծ գնումներ կատարել, ուղղակի պատվիրակել են պետությանը. «Մեզ ասում են՝ փախստականների խնդիր կա, առողջապահական խնդիր կա, հարյուրավոր շտապօգնության մեքենաների գնման խնդիր կա։ Մեզ ասում են՝ մարդիկ չունեն ուտելիք, հագուստ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել, որ այդ գումարների մի հատվածն ուղղակի փոխանցվի Կառավարությանը, որպեսզի գնումների գործընթացն ավելի արագ եւ օպտիմալ կատարվի»։

Նա հավելեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից ոչ մեկը դեմ չի քննարկել այս որոշմանը։

ՀԺ-ի հարցին՝ արդյոք կա՞ն ծախսեր, որոնք հիմնադրամը չէր կարող իրականացնել, քանի որ գաղտնիության տարրեր էր պարունակում եւ դրանից ելնելով է բյուջե գումար փոխանցվել, Արշամյանը պատասխանեց. «Իհարկե, հիմնադրամը չի կարող բացի իր կանոնադրական նպատակներից, այլ ծախսեր անել, մենք ռազմական ծախսեր չենք կարող անել։ Այս հարցն ավելի շատ ֆինանսների նախարարությանն է վերաբերում։ Բայց կարծում եմ՝ տրամաբանությունը հետեւյալն է. այս գումարներն օգնել է պետությանը, որ առողջապահական եւ սոցիալական համակարգերը պահեն, եւ այն գումարները, որոնք պետք է ծախսվեին այդտեղ, ուղղվել են այլ ավելի հրատապ ծախսերի»։

Հիմնադրամի տնօրենն ընդգծեց՝ հստակ պայմանագիր ունեն, որի մեջ ֆիքսված են ուղղությունները եւ բոլոր ծախսերը։ Երբ ֆինանսների նախարարությունը իրենց մանրամասն ներկայացնի գնումների հաշվետվությունը, դա կդնեն հիմնադրամի կայքում, եւ բոլորը կտեսնեն, որ հիմնադրամի տված միջոցներով չեն տրվել ո՛չ պարգեւավճար, ո՛չ աշխատավարձ եւ այլն։

«Դա ուղղակի սովորական մանիպուլյացիա է։ Երբ դու պայմանագրով ֆիքսում ես, թե քո ծախսերը ուր պետք է գնան, չի կարող այլ տեղ գնալ այդ գումարը։ Ես ուղղակի խնդրում եմ բոլորին մի քիչ համբերատար լինել, մենք այդ բոլոր հաշվետվությունները կստանանք։ Մենք բաց ճակատով եւ թափանցիկ ենք աշխատում, չենք պատրաստվում շեղվել այդ ճանապարհից։ Իսկ բյուջեին փոխանցված գումարների արդյունավետությունը կարող եք ճշտել գերատեսչություններից եւ ֆինանսների նախարարությունից»,- ասաց նա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարների լուրջ մասը՝ 60-ից 70 մլն դոլար, հավաքվել է Հայաստանում։ Այսօր 3 լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Արշամյանի խոսքով՝ դրամահավաքը աննախադեպ էր եւ սա ոչ թե հիմնադրամի, այլ համայն հայ ժողովրդի հաջողությունն է, քանի որ հայ ժողովուրդը համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնել երկրին, Հայաստանին եւ Արցախին պատերազմի ժամանակ։

Նա հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել եւ գործում է իր կանոնադրական նպատակներին համաձայն։ Եվ հանդիսանալով բարեսիրական կազմակերպություն իրականացնում են բարեգործական ծրագրեր համապատասխան ոլորտներում՝ սոցիալական, կրթություն, գիտություն, մշակույթ եւ այլն։

«Հիմնադրամն արդեն իր տարածքային կառավարման մարմինների եւ Արցախի Կառավարության հետ միասին այս պահին քննարկումներ է իրականացնում, թե կոնկրետ, որ ուղղություններն են առաջնահերթությունները։ Այդ առաջնահերթություններից մեկը՝ Արցախից տեղահանվածներն են, ովքեր գտնվում են Հայաստանում, երկրորդը՝ այն մարդիկ են, ովքեր վերադառնում են Արցախ եւ իհարկե՛, այն մարդիկ, ովքեր հիմա Արցախում են ապրում»,- ասաց հիմնադրամի տնօրենը։

Հիմնադրամը եւ Արցախի Կառավարությունը մի քանի ուղղություններ եբ քննարկում այս պահին։

Առաջինը՝ վերականգնման աշխատանքներ,

Երկրորդը՝ սոցիալական տարբեր ծրագրեր,

Երրորդը՝ մարդիկ, ովքեր կորցրել են իրենց գույքը՝ հատկապես անշարժ գույքը,

Չորրորդը՝ կոմունալ ծառայությունները։

«Երեկ ես զրուցեցի Ֆրանսիայի մեր տեղական մարմնի ղեկավարի հետ եւ իրենք միանշանակ ուզում են կենտրոնանալ եւ իրենց դրամահավաքներն իրականացնել հենց այդ ուղղությամբ՝ նպաստների տրամադրում, առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում եւ այլն»,- հայտնեց Արշամյանը։

Նա ընդգծեց՝ հիմնադրամի նպատակները բացարձակ չեն փոխվել եւ ուղղվածությունը գնալու է ուղիղ պատերազմի հետեւանքով տուժածներին ամեն կերպ աջակցելուն։

«Նաեւ մեր մյուս ուղղությունը, որը նույնպես շատ կարեւոր է՝ պատերազմի ընթացքում տուժածներին եւ նրանց ընտանիքներին աջակցություն՝ կարող է լինել հոգեբանական վերականգնողական աջակցություն, կարող է լինել ուղիղ օգնություն առողջապահական։ Սրանք այն կարեւոր հիմնական ուղղություններն են, որի վրա մենք կենտրոնանալու ենք, որովհետեւ դա է մեր հիմնական առաքելությունը։ Մեր նվիրատուների մեծ մասը հենց այդ նպատակով էլ այդ գումարները նվիրաբերել են, որովհետեւ մարդկանց հայացքն ուղիղ Արցախին է»,- ասացբանախոսը։

Հարցին՝ այս պահի դրությամբ հիմնադրամն արդեն որքա՞ն գումար է ծախսել, Արշամյանը չհայտնեց՝ նշելով, որ այս պահին դեռ հիմնադրամի հաշիվների վրա լուրջ գումար կա. « Նաեւ մեր տեղական մարմինների հաշիվներին էլ բավականին լուրջ գումարներ կան, քանի որ հիմա էլ դեռ շարունակվում է դրամահավաքը։ Մեր առցանց նվիրատվությունները շարունակվում են»։

Հիմնադրամի նվիրատվությունները նվազել են, սակայն Արշամյանի խոսքով՝ դա ոչ թե բուն պատերազմի ավարտի հետեւանքով է եղել, այլ մինչեւ դա, քանի որ դրամահավաքն այնպիսի պրոցես է, որ չի կարող հավերժ գնալ. «Այն ունի սկիզբ, անկում, հետո կախված նրանից, թե ինչպես ես ներկայացնում քո ծրագրերն ու նպատակները նորի վերելք»։

Նրա կարծիքով՝ շատ հարաբերական է դրամահավաքի դանդաղելու եւ արագանալու պրոցեսը:

«Այլ բան էլ ասեմ՝ այս տարվա ընթացքում մենք մի քանի մեծ դրամահավաքներ ենք անցկացրել՝ կորոնավիրուսի հետ կապված, Տավուշի հետ կապված, Լիբանանի հետ կապված։ Այսինքն մենք ամբողջ տարի անընդհատ դրամահավաք ենք արել։ Իհարկե՛, այդ գումարները անհամեմատելի են այս 170 մլն դոլարի հետ, որ մենք հավաքագրեցինք, բայց մեր նվիրատուների քանակը 1000-ապատիկ եւ շատ ավելին աճեց։ Որ ասեմ առնվազն կես միլիոն նվիրատու, դա շատ քիչ թիվ կլինի, քանի որ այս պահին ուղղակի անհնար է հաշվել եւ նվիրատուների ճիշտ թիվ ներկայացնել»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը։

Արշամյանը հայտնեց, որ ԱՄՆ-ում առնվազն 250-260 հազար մարդ է մասնակցել այս պրոցեսներին, Հայաստանից եւս առնվազն այդքան մարդ է մասնակցել, ավելին եթե ՍՄՍ հաղորդագրություններն էլ հաշվեն դա կնշանակի, որ Հայաստանի չափահաս բնակչությունն ամբողջովին ներգրավված է եղել դրամահավաքներին։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •