ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը:

«Գործող օրենսդրության համաձայն` գերության մեջ հայտնվելու դեպքում զինվորական ծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է  պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ, ցավոք, առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը»,- ասաց Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ օրենսդրական բացի հետևանքով նրանց ընտանիքների կենսագոյության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, և այս հանգամանքը հակասում է զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությունը:

«Պայմանագրային զինծառայողները, պահեստազորի մեր զինվորականները մարտական գործողությունների, զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն` ապացուցվում է, որ մարտական գործողությունների ընթացքում հայտնվել է գերության մեջ, ոչ թե ինքնական լքել է դիրքը կամ զորամասը, ապա այսուհետ նրանց ընտանիքները, իրենց (կերակրողի) գերեվարության ընթացքում կշարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է` պահպանել պաշտոնային դրույքաչափն այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայներով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •