ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հոկետմբերի 19-20-ին հայկական կողմին ավելի լավ տարբերակ է առաջարկվել, ըստ որի՝ Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ։

«Մենք իմացանք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ի միջակայքում եղել է առաջարկ՝ թույլ տալ, որ Շուշի վերադառնան փախստականները, որոնք մեծամասամբ ադրբեջանցիներ են։ Եվ նաև ուզում եմ հիշեցնել, որ Շուշին ԼՂԻՄ-ի մաս է։ Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմաճակատում ծանր է, փաստացի համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է նաև Շուշին։ Դա է եղել պատմությունը։ Հայկական կողմը, քննարկելով այդ հարցը, մտածել է, որ անընդունելի է Շուշին հանձնելը։ Փաստացի դա նշանակում է Շուշիի հանձնում, որովհետև եթե Շուշի վերադառնային փախստականները, որոնք մեծամասամբ փախստականներ են, դա նշանակում էր հանձնել Շուշին։ Եվ որոշվել է շարունակել պայքարը, ինչի մասին նաև ասաց ՌԴ նախագահը՝ մտածելով, որ կունենանք ռազմական հաջողություն, բեկում։ Շուշին բերդաքաղաք է, և ռազմական ու նաև քաղաքական ղեկավարությունը մտածել են, որ այդ հատվածում մենք կկարողանանք ունենալ ռազմական հաջողությունը։ Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն հենց Շուշիի անկման կետում, որովհետև այդ պահից սկսած այլևս պարզ էր, որ հնարավոր չէ ունենալ ռազմական հաջողություն, և այդ իրավիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ոչ մի ռազմական խնդիր»,- ասաց Լենա Նազարյանը։

Նա նշեց, որ եթե այն ժամանակ՝ հոկտեմբերի 19-20-ին Հայաստանն ու Արցախը համաձայնեին, որ Շուշի վերադառնային ադրբեջանցի փախստականներ, այսօր Հայաստանի իշխանություններին մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ։ «Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- հավելեց Նազարյանը։

Լենա Նազարյանը անդրադարձավ հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության համար արդյոք ընդունելի՞ է վարչապետի փոփոխությունը, եթե նոր թեկնածուն լինի իշխող թիմի անդամ. «Ոչ, այդ տարբերակն ընդունելի չէ։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը։ Դուք տեսաք, որ երեկ Հանրապետոթյան հրապարակում հավաքվել էին մարդիկ՝ ի աջակցություն վարչապետի։ Եվ միայն վարչապետը կարող էր խոսել և խոսեց այդ մարդկանց հետ՝ հորդորելով գնալ տուն և չլարել իրավիճակը։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկ այլ թեկնածու կամ ղեկավար կարող է կանգնեցնել այդ վիճակը, կայունացնել իրավիճակը։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»։

Ռազմական դրության մասին նախագիծը բերել է Կառավարությունը, Կառավարության պահանջով և գնահատականով ենք այդ որոշումը ընդունել։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների արտահերթ նիստ հրավիրելու և ռազմական դրությունը վերացնելու նախաձեռնությանը. «Հիմա Կառավարությունից չունենք որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, մեր դիրքորոշումը դեմ է»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 14
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •