ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երևացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Նա չէր հասցրել լքել Շուշին, և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Ջոնիկ Թևոսյանի ընտանիքի անդամները դիմել են ՄԻՊ աշխատակազմ՝ խնդրելով աջակցել իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում:
«Մենք եղած տվյալները փոխանցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով հնարավորինս արագ ապահովել ԱՀ քաղաքացու կյանքի ու այլ իրավունքների պաշտպանությունը՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի:
Այս տեսանյութով ևս մեկ անգամ դրսևորվում է Ադրբեջանում տիրող հայատյացության տրամադրությունների համակարգային ու խորքային բնույթը, որոնք ամբողջովին խրախուսվում են պետության կողմից: Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, և ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաև շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այս դեպքը ևս ներկայացնելու ենք միջազգային համապատասխան մարմիններ և հետևողական ենք լինելու պատշաճ գնահատականների հասնելու հարցում»,- նշել է Պաշտպանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարութունը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների և հայատյաց քաղաքականության իրագործումը։ 

Մասնավորապես՝ Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտել է ադրբեջանական կողմից վանդալիզմի հերթական դրսևորումը՝ Շուշի քաղաքում գտնվող Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի թիրախավորումը։

Բացի այդ, խստորեն դատապարտել է Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը։

«Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում են։ Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես ուղղված է եղել արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը:

Նշենք, որ օրեր առաջ էլ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են պղծել Շուշիում գտնվող միջնադարյան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •