Մովսես Հակոբյանը նախօրեին դիմում էր ներկայացրել պաշտոնից հեռանալու համար, և հեռանալուց հետո էլ ասուլիս է տվել և արել մի շարք բացահայտումներ: Մովսես Հակոբյանը խոսել է անցնող երկու տարիներին և նաև պատերազմի ընթացքում մի շարք բացթողումների մասին, որոնք, ըստ նրա, բերել են պարտության:

Թե ինչու է Մովսես Հակոբյանը որոշել միայն հիմա՝ պարտությունից հետո հանրայնացնել բացթողումները, այլ ոչ իր ռազմական տեսուչ աշխատած անցնող մոտ երկու տարիներին, պարզ չէ, սակայն տվյալ պարագայում, անշուշտ, շատ կարևոր է նրա հայտարարությունների առնչությամբ իրավիճակի պարզաբանումը: Մովսես Հակոբյանը ներկայացրել է լուրջ մեղադրանքներ և քննադատություն՝ ընդհուպ հանրապետության վարչապետին, պաշտպանական համակարգը խարխլող և անարդյունավետ դարձնող որոշումների համար: Նա ասում է, որ այդ մասին վարչապետին հայտնել է անցնող երկուսուկես տարիների ընթացքում, բայց չի արժանացել բավարար ուշադրության: Այդ դեպքում, իհարկե, գուցե տրամաբանությունը հուշում էր հրաժարականի և արդեն հանրային որոշակի ահազանգերի մասին՝ իհարկե, պահպանելով դետալային գաղտնիությունը՝ կապված թշնամուն «չոգևորելու» հետ: Մովսես Հակոբյանն ընտրել է մյուս՝ ռազմական տեսուչի աշխատանքը շարունակելու տարբերակը, և հիմա բարձրաձայնում է խնդիրների մասին, փաստորեն արդեն ուշացած:

Ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք դա մաս չէ անձնական պատասխանատվությունից խուսանավելու, ինչով, ի դեպ, գործնականում զբաղվածության նշաններ առկա են ռազմական այս պարտության և Արցախի մեծ մասի կորստի համար պատասխանատու բոլոր պաշտոնյաները՝ վերից վար: Այդուհանդերձ, հանրային խնդիրը, իհարկե, ներկայումս գեներալ Հակոբյանի անձնական մոտիվները, կամ որևէ մեկի անձնական մոտիվները հասկանալը կամ պարզելը չէ, եթե խոսքը վերաբերում է պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող կամ ունեցած հանգամանքների բացահայտմանը և բարձրաձայնմանը: Ըստ այդմ, հանրությունը թերևս պետք է հետամուտ լինի այդ հարցերի պատասխանները ստանալու:
Կառավարությունից արդեն իսկ մտացածին են որակել Մովսես Հակոբյանի մեղադրանքները և հայտարարել, որ դրանց ուղղությամբ կաշխատի Հատուկ քննչական ծառայությունը: Դատախազությունն էլ հայտարարություններն ուղարկել է ՀՔԾ: Այդուհանդերձ, մտացածին են, թե ոչ, կամ ինչն է մտացածին, ինչը՝ ոչ, պետք է պարզ լինի համոզիչ փաստերով, եթե հերքվում է՝ համոզիչ հերքումներով: Ի վերջո, մենք պարտվել ենք ճակատամարտը, սակայն այսօրվանից արդեն ունենք պատերազմի պատրաստվելու խնդիր, հետևաբար՝ այդօրինակ հայտարարությունները, ինչպիսիք հնչել են Մովսես Հակոբյանի ասուլիսի ընթացքում, պետք է դիտարկել հենց այդ՝ նոր պատերազմի պատրաստ լինելու գերխնդրի տեսանկյունից՝ հասկանալով, թե ինչն է այդ հայտարարություններից օգտակար այդ խնդիրը լուծելու հարցում, և ինչն է լուծում այլ խնդիրներ:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •