ՀՅԴ ուսանողական միությունը եւ ընդդիմադիր այլ ուժերի համակիրներ փակել էին Երեւանի մի շարք փողոցներ, հայտարարելով, որ դա նախազգուշացում էր իշխանությանը: Քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին հայտարարել էին 16 ուժերը, որոնք պահանջում են վարչապետի հրաժարական:

Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմությունը գործել է նրա իսկ կիրառած մեթոդով: Կաշխատի՞ Սերժ Սարգսյանի դեմ կիրառված այդ մեթոդը Նիկոլ Փաշինյանի դեմ: Ինչպիսի՞ հանրային լեգիտիմություն կունենա անհնազանդության այդ ակցիան, եւ ինչպիսի հանրային լեգիտիմություն ունի այժմ գործող իշխանությունը, ավելի շուտ՝ վարչապետը:

Սերժ Սարգսյանի դեմ մեթոդն աշխատեց, որովհետեւ Հայաստանում նրա հեռանալու հարցում ձեւավորվել էր չբարձրաձայնված կոնսենսուս, որի մաս էր նաեւ ինքը Սերժ Սարգսյանը: Ընդ որում, այդ առնչությամբ որոշակի ակնարկ օրերս արեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանը ուղղակի սպառել էր արցախյան հարցում ժամանակ ձգելու ռեսուրսը, եւ շատ խիստ դրված էր «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը: Ընդ որում, այստեղ այդ մեկնաբանության օգտին կարող է դիտվել եւ այն, որ 2018-ի սկզբին Իլհամ Ալիեւը 2018-ի հոկտեմբերին նախատեսված նախագահի հերթական ընտրությունը տեղափոխեց վեց ամիս առաջ՝ 2018-ի ապրիլ, երբ Հայաստանում էլ հանգուցալուծվելու էր Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը:

Ինչո՞ւ էր Ալիեւը իր համար ազատում 2018-ի աշունը: Արդյոք այն նպատակով, որ պատերազմ էր ծրագրում 2018-ի, ոչ թե 2020-ի աշնանը: Առավել եւս, որ այդ ժամանակ Թուրքիան տնտեսապես ու քաղաքականապես թերեւս առավել ամուր դիրքում էր:

Հայաստանը թավշյա հեղափոխությամբ հնարավոր է շահեց 2 տարի: Հնարավո՞ր էր շահել ավելին: Կաշխատե՞ր այդ մեխանիզմը, թե ոչ, հիմա դժվար է ասել:

Այժմ արտահերթ ընտրությունը թերեւս անխուսափելի է եւ ոչ պակաս անհրաժեշտություն, սակայն ցավալիորեն բոլորովին այլ իրողության բերումով: Կաշխատի՞ փողոց փակելու մեթոդաբանությունը Նիկոլ Փաշինյանի դեմ եւ կբերի՞ նրա հրաժարականի: Կասկածից վեր է, որ ներկայում Հայաստանում որեւէ զարգացման համար անհրաժեշտ հանրային լեգիտիմությունից բացի, վճռորոշ է լինելու այդ որեւէ զարգացման լեգիտիմությունը ՌԴ ղեկավարության առաջ:

Ռուսաստանը Ղարաբաղում կայացրել է իր համար ռազմավարական նշանակության համաձայնություն եւ այն չի թողնի Հայաստանի որեւէ ներքաղաքական զարգացման անկանխատեսելիությանը, ունենալով անհրաժեշտ լծակները:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 7
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •