Առնվազն բարոյական հարթությունում հրաժարականները ծանր պարտությունից հետո թվում են անխուսափելի և տրամաբանական:

Գլխավոր հարցերը, սակայն, կապված պարտության խորքային պատճառների հետ, դրանցով իհարկե չեն լուծվում և չեն կարող լուծվել, որովհետև այդ հարցերը հազիվ թե գտնվեն մեկ-երկու անձերի պաշտոնավարման դաշտում: Դրանք խորքային ներքաղաքական և գուցե արտաքին իրողությունների դաշտում են, որ պահանջելու են մանրակրկիտ դիտարկումներ: Դա էլ այն պարագայում, որ դրանց մի զգալի մասը հնարավոր չի լինելու շոշափել հրապարակային դաշտում:

Ըստ այդմ՝ հրաժարականների առնվազն բարոյական և քաղաքական պատասխանատվության հանգամանքները պարզ են, սակայն պարզ չէ, թե ինչպիսին է լինելու դրանց օգտակար ազդեցությունը պատերազմի պարտության պատճառները վեր հանելու և հետևությունների գալու տեսանկյունից: Որովհետև այդպիսի դեպքերում հրաժարականները կարող են ընդամենը, այսպես ասած, պատասխանատվություն դուրս գրելու «էֆեկտ» ունենալ, դառնալ նոր անձերի ճանապարհ, և վերջ: Այդ իմաստով հասարակությունը և պետությունը իսկապես լրջագույն ճամփաբաժանի առաջ են:

Պաշտպանության նոր նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը: Նա մեկ անգամ եղել է պաշտպանության նախարար՝ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, հետո մնալով այդ պաշտոնին Արամ Սարգսյանի վարչապետության շրջանում, որ հաջորդեց Հոկտեմբերի 27-ի ողբերգությանը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այն ժամանակ հակադրության արդյունքում Արամ Սարգսյանն ու Վաղարշակ Հարությունյանը դարձան ընդդիմություն և սկսեցին սուր քննադատել Ռոբերտ Քոչարյանին: 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը զրկեց Վաղարշակ Հարությունյանին գեներալի կոչումից: Այդ կոչումը թավշյա հեղափոխությունից հետո վերականգնեց Նիկոլ Փաշինյանը, իսկ փաստորեն պատերազմից մոտ մեկ ամիս առաջ Վաղարշակ Հարությունյանին նշանակեց իր գլխավոր խորհրդական:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 6
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •