Նիկոլ Փաշինյանին «դավաճանության» համար մեղադրանքներն անհիմն են, կարելի է քննարկել որոշումների ճիշտ կամ սխալ լինելը, սակայն «դավաճանության» մեղադրանքն անհիմն է, հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինը:

ՌԴ նախագահը խոսում էր պատերազմի, դրա ընթացքում հրադադարի հնարավորության եւ նոյեմբերի 9-ի համաձայնագրի համատեքստում:

Նախ, ՌԴ նախագահը պատկերացնում է, որ նոյեմբերի 9-ը «դավաճանություն» որակելով, այդ որակումն ինչ որ իմաստով տարածվում է նաեւ իր եւ ՌԴ վրա՝ Հայաստանին «դավաճանելու» իմաստով: Ըստ այդմ, ՌԴ նախագահը պատասխանատվությունը դնում է Նիկոլ Փաշինյանի սխալի վրա, միաժամանակ թե Փաշինյանին, թե իրեն եւ թե ՌԴ-ն ազատում «դավաճանության համար պատասխանատվության» հարցադրումից:

Դրանից բացի, Պուտինը ակնարկում էր այն մասին, որ Հայաստանի վարչապետը իր քայլերի համար ենթակա չէ իրավական պատասխանատվության եւ պատասխանատվությունը կարող է լինել միայն քաղաքական, այն էլ կայունության շրջանակում: Այդ իմաստով էլ հայտարարությունն ինչ որ առումով պարունակում էր անվտանգության երաշխիքի տարր:

ՌԴ նախագահի այդ հայտարարությանը սակայն Հայաստանում հաջորդեց գեներալ Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի ասուլիսը, որում նա մեղադրանքներ ներկայացրեց վարչապետին, պատերազմի պայմաններում մի շարք որոշումներ որակելով հանցագործություն: Մովսես Հակոբյանը պաշտպանական քաղաքականության եւ պատերազմի կառավարման, սպառազինության վերաբերյալ մի շարք աղմկոտ հայտարարություններ արեց:

Իրավապահներն արդեն զբաղվում են հայտարարություններն ուսումնասիրելով: Ինչ կպարզեն նրանք՝ իրողության մի կողմն է: Մյուսում թերեւս այն է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը իր ասուլիսով բարձրացրեց վարչապետի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական պատասխանատվության հարց:

Մովսես Հակոբյանն աղմկոտ բացահայտումներն արել է ԶՈՒ վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարականից գրեթե անմիջապես հետո: Գեներալ Հակոբյանը հնչեցրել է շատ լուրջ հանգամանքներ, այնքան, որ հազիվ թե հնարավոր է դա բացատրել պաշտոնաթողության «սինդրոմով»:

Որովհետեւ, եթե դրանք չհաստատվեն, ապա իրենց հերթին կարող են դառնալ նրա հանդեպ մեղադրանքի հիմք եւ Մովսես Հակոբյանը թերեւս պատկերացրել է դա, գնալով ասուլիսի:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •