Նախագահ Պուտինին Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի հանդեպ հոգածության համար շնորհակալություն հայտնած Կաթողիկոս Գարեգին Բ չի հակադարձել Շուշիի Կանաչ ժամի գմբեթները ոչնչացնելու Ալիեւի որոշմանը: Սա նշանակու՞մ է, որ Կաթողիկոսը կանգնում է վարչապետ Փաշինյանի կողքին՝ Արցախը իբրեւ բեռ հայ պետության եւ ազգային եկեղեցու ուսերից իջեցնելու տերպետրոսյանական երազանքի իրականացման հարցում:

Բոլորիս պարզ է, որ Ռուսաստանում, մայրաքաղաք Մոսկվայում բազմամիլիոն հավատացյալ հոտի խնդիրը կա: Կա տեղի իշխանության բարյացակամության եւ հայ եկեղեցու գործունեությունն անարգել իրականացնելու խնդիրը: Ի վերջո՝ քահանայից եւ սարկավագաց դասը, ինչքան էլ ժուժկալ, միայն սուրբ ոգով չէ, որ սնվում է իր ծառայությունը հոտին մատուցելիս:

Մեծ են նաեւ եկեղեցու գույքային ծախսերը: Ռուսաստանի ղեկավարության կովկասյան հայավեր քաղաքականությանը ընդդիմանալը, լավ ճանաչելով պաշտոնական Մոսկվայի շանտաժի հակումները, դժվար չէ պատկերացնել, թե ինչ արձագանք էր ունենալու: Հիշենք 1904 թվին հայ եեղեցուն պատուհասած ռուսական պետական հալածանքներն ու ժողովրդական «ինքնաբուխ» թալանը միայն:

Իրոք, 3,5-4 միլիոն ռուսահայության կրոնական պահանջները եւ եկեղեցուն նրանց բերած ամենօրյա նյութական նեցուկը թվային համեմատության եզրեր չունեն Ղարաբաղի 120-140 հազարանոց բնակչության հետ: Այս հանգամանքը Մայր Աթոռին ծանր վիճակի մեջ է դնում, ինչի մասին քաջատեղյակ են Ղարաբաղի շուրջ գործարքի ռուս-«ադրբեջանական» կողմում:

Ընդդիմանալու դեպքում հարված է գալու ոչ միայն Եկեղեցու Ռուսաստանի թեմին, այլեւ Ղարաբաղի հանձնման փոդրաթը ստանձնած Երեւանի աշխարհիկ իշխանություններին: Այդպես է՝ սայթաքելով մեկ անգամ, սահելու ես մինչեւ վերջ: Եթե կանգ առնելու կամք չդրսեւորես:

Ահավասիկ, 3,5-4 միլիոն ռուսահայ պատանդները, եւ հինավուրց քրիստոնեական եւս պատանդ մի եկեղեցի: Խնդրեմ՝ 30-ամյա քաղցր թմբիրի արդյունքը: Մոսկվան եւս 20-30 հազար պատանդի կարիք ունի Ղարաբաղում՝ իր «խաղաղապահ» առաքելությունը արդարացնելու համար:

Ինչ ունենք դրանցից զատ: Ունենք Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան եւ նրանց կողքին կանգնած Գարեգին Բ: Այն դեպքում, որ վերջինը, հավատացյալի մեր խոնարհ պատկերացմամբ, առաջին երկուսի հանդեպ հայրապետական խրատի եւ արգելման անվերապահ իրավունք ունի: Որքան ուզում է պետությունը եկեղեցուց անջատված լինի: Մեր սրտերում եւ մեր ուղեղներում հայ եկեղեցին եթե անցյալում պետականակերպ, ապա ներկայիս՝ վերպետական առաքելություն ունի:

Ի դեպ, հենց այդպես է ընկալվում հայ ուղղափառ եկեղեցու առաքելությունն ամենուր աշխարհում: Սա մեր պատմական յուրահատկությունն է, որ իրավունք չունենք զոհաբերելու հանուն  վարչապետ ու նախագահների օտար հպատակության, հողավաճառ նկրտումների կամ որեւէ այլ ապազգային գործողության:

Շուշիի Կանաչ ժամի ավերումը միանգամայն բավարար հիմք է ազատագրված տարածքներից հայ զորքերի դուրսբերումը չեղյալ հայտարարելու համար:

Ուր է թե: Չկա պետական կամք՝ չկա պետականության, մանավանդ ինքնիշխան պետականության ադեկվատ ընկալում, ինչը երկուսուկես տարիներին փոխարինվեց կասկածելի հանրաքվեի, կեղծ օրակարգերի եւ անճաշակ յարխուշտա-տոնածառի շոուների կազմակերպումով: Այդպես են վախճանվում պետությունները, այդպես են վախճանվում ազգերը: Պերմանենտ փառատոնով, կարգին ու ուսուցանող միմոսներով, երգուպարով: Ո՞վ է տեր ողորմյա կարդալու այս բոլորի վրա, վեհափառ Տեր:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •