Հոկտեմբերի 19-20-ին պատերազմի դադարեցման գրեթե ձեռք բերված պայմանավորվածության, դրա պայմանների և դրանցում Շուշիի մասին Պուտինի հայտարարությունը, որ հնչել է նախօրեին, առաջացրել է էական հարցեր, որոնք ունեն պատասխանի կարիք:

Մասնավորապես, Պուտինն, ինչպես հայտնի է, նշել է, որ ստացել էր դադարեցնելու Ալիևի համաձայնությունը, որտեղ Շուշիի հանձնման պայման չի եղել, այլ ընդամենը փախստականների վերադարձի՝ իսկ քաղաքը փաստորեն մնալու էր ռուս խաղաղապահների ենթակայության գոտում կամ, այլ կերպ ասած՝ հայկական ենթակայության: Այդ հայտարարությունը հակասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությանը, որ Շուշին եղել է մշտական պահանջ: Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ակնարկում էր, որ այդ պահանջը եղել է անգամ պատերազմից առաջ խաղաղ գործընթացում, ու թեև չի եղել փաստաթղթավորված, սակայն եղել է առկա: Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր նաև, որ հենց դրա պատճառով է, որ մինչև վերջ չեն իրականացել նախկինում գրեթե համաձայնեցված համարվող պայմանավորվածությունները, ինչպես, օրինակ, Կազանը: Ի դեպ, այդ առումով էլ հետաքրքիր է, որ Պուտինն էլ հայտարարեց, թե մի քանի անգամ գործընթացում եղել են համաձայնությանը մոտ, բայց չի ստացվել մինչև վերջ: Ռուսական հեռուստաալիքի լրագրողը նրան չհարցրեց, թե ինչո՞ւ չի ստացվել, օրինակ, Կազանը:

Բանն այն է, որ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, բացահայտելով Կազանի պլանը, հայտարարել էր, որ բոլորը պատրաստվում էին ստորագրության, սակայն վերջին պահին Ալիևը առաջ է քաշել նոր պահանջներ: Որո՞նք են եղել այդ պահանջները, ո՞վ կարող է ստույգ ասել այդ մասին: Վերադառնալով հոկտեմբերի 19-20 և Շուշիի հարց, հանրությունը թերևս պետք է ակնկալի Երևանից պատասխան՝ Պուտինի նկարագրած իրողությունը համապատասխանո՞ւմ է իրականությանն ամբողջապես, թե՞ այդուհանդերձ եղել է որոշակիորեն այլ պատկեր: Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա իր հերթին հարց է առաջանում, թե ինչի՞ հիման վրա է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել պատերազմի դադարը մերժելու որոշում, հատկապես նկատի ունենալով այն, թե նախօրեին ինչ է հայտարարել Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Գեներալ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի արդեն չորորդ օրը Հայաստանի ղեկավարությանը զեկուցել է, որ ռազմական հեռանկարի իմաստով պատկերը շատ վատն է և պետք է անել ամեն ինչ օր առաջ պատերազմը դադարեցնելու համար: Ըստ Գասպարյանի, ինքը այդ մասին հայտնել է պարբերաբար: Ուրեմն, եթե ամեն հաջորդ օր պատկերի հեռանկարը եղել է ավելի վատ՝ ըստ ռազմական գնահատականի, ինչո՞ւ է մերժվել հոկտեմբերի 19-20-ի առաջարկը, որը, ըստ Պուտինի, ենթադրել է փախստականների վերադարձ Շուշի, բայց չի ենթադրել հանձնում: Առավել ևս, որ հետագայում այդ վերադարձը հնարավոր կլիներ ենթարկել բանակցային ձգձգման, երբ կտեղակայվեին ռուս խաղաղապահներ:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •