Լուռ ու գլխահակ, յուրաքանչյուրն իր մտքի, իր խոհի, իր նահատակված ընկերոջ ու հարազատի մասին հիշողություններով տարված:

Գյումրու Վարդանանց հրապարակից մեկնարկած քայլերթը դեպի Շիրակի պանթեոն ընդունվեց որպես ուխտագնացություն՝ ի հիշատակ պատերազմում ընկած քաջերի:

Շուրջ 15 կմ ճանապարհն անցան պատերազմ մեկնած ու վերադարձած տղաները, որոնց միացել էին տարբեր տարիքի անձինք, ինչպես նաև տարիքի բերումով պատերազմական իրավիճակին թիկունքից հետևած և յուրաքանչյուրն իր տեղում ռազմաճակատի համար տարվաղ կամավորական աշխատանքներում ընդգրկված երիտասարդները:

Օրվա խորհուրդն էր այդպիսին: Այսօր Հայաստանում հայտարարված է Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր:

«Մեր հերոս տղեքը չեն պարտվել՝ նրանք հաղթել են ու այսօր պարտավոր ենք մեր խոնարհումը բերել նահատակներին, իսկ երթը ոտքով՝ ավելի քան 15 կմ է, որպես ապացույց, որ մենք պետք է  այս դժվարությունն էլ հաղթահարենք, ինքնակազմակերպվենք ու ավելի ուժեղանանք: Մեր հերոսները պարտված չեն, մեր հերոսները հաղթանակած են:

Այնքան ուժեղ սերունդ ունենք այսօր, այնքան հերոսություն են արել, ինչը վկայում է, որ մենք չենք պարտվել: Երբ մենք մեր մեջ հոգեպես մտածեցինք, որ պարտված ենք՝ պարտված հոգով էլ չենք ապրելու: Այսօր մեր տղաներն արեցին այն, ինչն աշխարհում ոչ մեկը չի կարող՝ մեկ զինվորը 10 տանկ խփեց, կամ վաշտը փրկեց և այլն:

Ես ու ընկերներս անելու ենք ամեն ինչ, որ հայ հերոսների հաղթական ոգին նաև նոր սերունդներին փոխանցվի»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց երթի կազմակերպիչ, Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը:

Երթին միացած Հեղինե Կարապետյանը 9 և 12 տաեկան որդիների հետ էր եկել: Ասաց, պատերազմի ժամանակ կամավորագրվել էր, բայց չեն տարել ռազմաճակատ, ինքն էլ թիկունքում ժամանակ չի կորցրել, կազմակերպված ռազմական ճամբարին է մասնակցրել, հիմա ավելի է պատրաստ պատերազմին արդեն որպես զինվոր: Երեխաներին էլ այսօր հետն է բերել, որ ինքնուրույն հասկանան հայրենասիրության այս դասը, որ հանուն հայրենիքի և հանուն իրենց կյանքը զոհած քաջերի շիրմիներին խոնարհվել կարողանան:

Պանթեոնում ծաղիկներ խոնարհվեցին, օդը դարձավ խնկաբույր՝ քարացած լռությամբ և քարի նման ծանր ու անձայն հոսող արցունքներով ողողված:

90-ականներին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնի առաջին հերոսները Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներն էին: Այնուհետ նրանց շարքերը համալրեցին Ապրիլյան պատերազմի քաջերը:

Պանթեոնի պարիսպներն ընդլայնվեցին նաև հիմա: Հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայ քաջորդիներին միացան Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված շիրակցի զավակաները:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •