Հայաստանում ներկայումս չկա ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական որևէ սցենարի սոցիալական, հանրային բազա, որի վրա կարող էր դիտարկվել այդ սցենարի առաջխաղացման հավանականությունը:
Միևնույն ժամանակ, անկասկած է մի բան, որ որևէ սցենար չի կարող առաջխաղացում ունենալ՝ չունենալով հանրային վստահություն: Եվ այն, որ «մրցակից» մյուս սցենարներն էլ են զուրկ այդ մրցակցությունից, չի կարող լինել հնարավորություն: Հայաստանում որևէ հանգուցալուծում կարող է տեղի ունենալ միայն հանրային լեգիտիմություն ունենալու պարագայում:
Վերջին հաշվով, ցավագին ու անգամ ողբերգական այս պարտությունը, լինելով առաջին և գլխավոր հերթին գործող իշխանության պատասխանատվության դաշտում՝ դա առնվազն աքսիոմատիկ է, միևնույն ժամանակ նաև մեր հետանկախական և հետհաղթանակային շրջանի պատասխանատվության հարցն է, անարդյունավետության, Հայաստանի համեմատական առավելությունները մսխելու հարցը: Եվ այստեղ խնդիրների, համակարգային շեղումների արմատը թերևս այն է, երբ կոտրվեց Հայաստանում քաղաքական իշխանության ձևավորման հանրային կամքը՝ առաջին իսկ փորձից:
Լեգիտիմության փոխարեն օժտվեցին խոցելիությամբ, ամբողջապես արտաքին միջավայրերից կախվածությամբ: Այդ իսկ պատճառով, երբ արտաքին միջավայրը բարենպաստ էր, բարվոք էր նաև Հայաստանի վիճակը, երբ արտաքին միջավայրը դարձավ անբարենպաստ, Հայաստանը կանգնեց լրջագույն խնդիրների առաջ, որոնց լուծելու համար չբավականացրեց անգամ լեգիտիմ իշխանության 2,5 տարին, իհարկե նաև այդ տարիների ընթացքում հիմնարար բացթողումների և վրիպումների հետևանքով:
Այդ ամենով հանդերձ, անկասկած է, որ խնդիրների արմատը հանրությանը իշխանություն ձևավորելու հնարավորությունից, ընտրության հնարավորությունից զրկելն էր: Հնարավոր չէ այդ ամենի խորքային և բազմաշերտ հետևանքի ծանրությունից բխող բարդ իրավիճակը հաղթահարել այն ճանապարհով, որով խորքային պատճառն է եկել՝ քաղաքական զարգացումների և իշխանության ձևավորման հանրայնորեն ոչ լեգիտիմ գործողություն:
Ըստ այդմ, մի բան հստակ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու որևէ միջոց պետք է ստանա հանրային գերակա հավանություն: Ինչպես կհասնեն դրան քաղաքական ուժերը կամ իշխանությունը, այլ հարց է: Ընդ որում՝ այստեղ էլ նպատակն, իհարկե, չի կարող արդարացնել միջոցները, որոնք հետո միշտ ունենում են բումերանգի էֆեկտ: