ԱԺ խորհրդի նիստին որոշվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողներին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
ԱԺ խորհրդի նիստում քննարկվում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը։
Որոշման նախագծում նշվում է․ Հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1.Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սահմանադրության 95 հոդվածը վերաբերում է պատգամավորական մանդատի անհամատեղելիությանը։
Ըստ այդմ՝ «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։
Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդը Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով նիստ հրավիրել էր նաև նոյեմբերի 16-ին, սակայն այն չէր կայացել Ծառուկյանի բացակայության պատճառով: Այս անգամ ևս Ծառուկյանը չի մասնակցում նիստին, բայց ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս, որ երկրորդ անգամ նրա բացակայության դեպքում նիստ անցկացնել։