• Fri. Apr 23rd, 2021

Գերեվարվածների վերաբերյալ տեսանյութերը շատ դեպքերում կապ չունեն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

«Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 13-ից սկսած մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։

Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415 հեռախոսահամարով։

Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով:

Այս մասին ըստ Արցախի տեղեկատվական շտբի, տեղեկացնում է ԿԽՄԿ-ն: