• Mon. Mar 8th, 2021

Եղածը ռուս – թուրքական գործակցության արդյունք է …

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Ստեղծված բարդ իրավիճակում որո՞նք պետք է լինեն հետպատերազմական Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, պետությունը ծանր վիճակում է, գիշեր-ցերեկ աշխատանք պետք է իրականացվի։ Պետք է շատ շտապ զբաղվել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները վերականգնելով։ Դա պետք է անել ծանրակշիռ թղթածրարով, որտեղ Ադրբեջանը պետք է ներկայացվի որպես ագրեսոր ու օկուպանտ պետություն։ Լավ աշխատանք իրականացնելու դեպքում նրանք կդատապարտեն Ադրբեջանի ագրեսիան Թուրքիայի միջամտությամբ։ Երկրորդ՝ բանակի շատ արագ վերակազմակերպում նոր փորձով ու նոր կոնցեպցիայով։ Երրորդ՝ պետականաշինության անհետաձգելի միջոցառումներ։ Իշխանությունը նոր նշանակումներ է անում ու դա պետք է անի շատ զգույշ, որպեսզի պետական ապարատում նոր իդիոտներ չհայտնվեն, որոնց ժողովուրդը կարհամարհի կամ կքննադատի։ Նոր իշխանության լեգիտիմության հարցը չափազանց զգայուն է։ Ամեն մի նշանակումից մեծ բան է կախված։ Ճակատ գնացած հայրենասեր ու ազնիվ մարդկանց պետք է շատ արագ ընդգրկել պետական ապարատի աշխատանքներին։ Բացի այդ՝ հատուկ քննության առարկա պետք է դարձնել ահաբեկիչների  ներկայությունը։ Ռուսները հետաքրքրվա՞ծ են դրանով, թե՞ ոչ։

Եղածը ռուս-թուրքական գործակցության արդյունք է, ու Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Մինսկի խումբը չմիջամտի այս գործին, հարցի լուծումը մնա Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռանկյունում։ Նույնիսկ եթե իշխանության վիճակը նեղ է, մեր լոբբիստական կառույցները պետք է շատ ակտիվ աշխատանք իրականացնեն։ 1920 թվականի Հայաստանի կիսումը հիշեք Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Հիմա էլ Արցախը կիսեցին իրար միջև։ Մինսկի խումբը պետք է բացահայտի այս գործարքի մանրամասները։ Մենք այս գործընթացները պետք է արագացնենք մինչև Միացյալ Նահանգներում նոր նախագահի պաշտոնավարումը, հունվարի վերջը։ Միջազգային ֆոնը այս հարցի շուրջ պետք է փոխվի։ Հայկական կողմը Մինսկի խմբի շրջանակներում ոչ մի զիջում չպետք է անի՝ ո՛չ ռուսականին, ոչ էլ մնացածին։ Ռուսաստանը խնդիր ունի՝ եթե հարցը դիտվեց Մինսկի խմբի շրջանակներից դուրս, ինքը կարող է դիտվել որպես օկուպանտ պետություն։ Դրա համար էլ հիմա խառնվել են իրար, Պուտինի հարցազրույցներն իրար հետևից պատահական չեն։ Պուտինի ամեն մի խոսքն այնպես են մեկնաբանում՝ կարծես հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, բայց նրա մեկնաբանությունները չպետք է մեզ կառավարեն, ու ինքը շատ արագ բարեկամի տեսք ունենա։

Մի բան կա՝ ցանկացած գործողության հիմքում Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային պետական շահերն են որպես չափորոշիչ, այլ բան չկա։