Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։
Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ըստ ոստիկանության՝ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս համատեքստում իրականացվում է նաև բացատրական աշխատանք։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արդյունքում Գյումրիի 46-ամյա մի բնակիչ ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես և՝ նույն տրամաչափի 150 փամփուշտ։ Քաղաքացու հայտնածով՝ զենք-զինամթերքը ստացել է օրեր առաջ Արցախում։
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 34-ամյա մի բնակիչ էլ նոյեմբերի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտ, որոնք, ըստ նրա, զենք-զինամթերքը բերել է Արցախից։
29-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, ինչպես և՝ պահունակների պայուսակ։ Նրա հայտնածով՝ դրանք բերել է Արցախից։
52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով. նրա հայտնածով՝ նռնակը բերել է Արցախից։ Նշանակվել են փորձաքննություններ։
Ոստիկանությունը հորդորում է Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ: Այս մասին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել։
Եռակողմ համաձայնագրի շրջանակում հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն:
Հիշեցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: