• Fri. Apr 23rd, 2021

Թուրքիան նոր ճակատ է բացում Ռուսաստանի դեմ՝ նրա քթի տակ

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Նատալյա Նիկոնորովան հայտարարել է, որ վատացել է իրավիճակը Դոնբասի շփման գծում: Նա հայտարարել է, թե ավելանում է հրադադարի խախտման ինտենսիվությունը, կիրառվում է Մինսկի համաձայնություններով արգելված սպառազինություն, զոհվել է Դոնբասի երեք զինծառայող: Այդ մասին հայտնում է ANNA-NEWS Տելեգրամ ալիքը:

Մեկ այլ՝ ուկրաինական Տելեգրամ ալիք նախօրեին տարածել էր տեղեկություն, որ նոյեմբերի 30-ին հատուկ չվերթով Ուկրաինա են վերադառնալու այդ երկրի ԶՈՒ 20 ծառայողներ, որոնք գտնվում էին Ադրբեջանում: Ըստ տեղեկության, նրանք Ադրբեջանում են հուլիսի վերջին մեկնարկած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությանը դիտորդի կարգավիճակով հետեւելու համար: Ըստ տեղեկության, նրանք փաստորեն մնացել են եւ «հետեւել» Արցախի դեմ պատերազմին:

Հատկանշական է, թե ինչ մասնագետների մասին է խոսքը: Ըստ Տելեգրամում եղած հաղորդագրության, խոսքը Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության, ՀՕՊ ուժերի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետների մասին է: Փաստորեն, նրանք Արցախի դեմ պատերազմին հետեւելով, փորձել են «հարստացնել» մասնագիտական կարողությունները:

Ընդ որում, հարց է, թե արդյոք միայն հետեւելով: Բացառված չէ, որ նրանք կարող էին նաեւ «պրակտիկա» անցնել Արցախի դեմ թուրքական պատերազմում: Ավելին, չի բացառվում նաեւ, որ այդպիսով ուկրաինական ԶՈՒ կարողությունն էր փորձարկում նաեւ Էրդողանը, որը հենց պատերազմի օրերին ռազմավարական պայմանագրեր էր կնքում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, այդ թվում ռազմա-տեխնիկական բնույթի՝ Բայրաքթարների մատակարարման եւ համատեղ արտադրության: Էրդողանը միեւնույն ժամանակ հայտարարում էր, որ Ղրիմը ռուսական չէ, Ղրիմն օսմանյան է:

Ուկրաինան անկասկած Ռուսաստանի դեմ թուրքական ճնշման հաջորդ հավանական ուղղությունն է: Պետք չէ բացառել, որ Ադրբեջանում Արցախի դեմ թուրքական պատերազմին հետեւող ուկրաինացի մասնագետները իրենց «սովորածը» փորձեն այժմ կիրառել հենց Դոնբասի ուղղությամբ, իհարկե լոկալ գործողություններով, մինչ Անկարան կմշակի կամ ավարտին կհասցնի ավելի լայն մասշտաբի գործողությունների ռազմական եւ ռազմա-քաղաքական պլանը:

Տեսականում բացառել պետք չէ, որ Ռուսաստանը կփորձի իրականացնել կանխարգելիչ գործողություններ, եւ իրավիճակի սրման մասին հայտարարությունները հող են դրա համար: Եթե իհարկե Մոսկվան ունի Թուրքիայի որեւէ ռազմա-քաղաքական պլան կանխարգելելու կարողություն եւ չի մնացել միայն Թուրքիայի հետ պայմանավորվելու «հմտությունը», ինչպես Սիրիայում, Լիբիայում, Արցախում: